Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ մարզային հաստատություններում (լուսանկարներ)

Վարժանքներ՝ մարզային հաստատություններում (լուսանկարներ)

728
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ շարունակվում են փրկարար ուժերի, համայնքների և տարբեր կազմակերպությունների ՔՊ կազմավորումների պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Փետրվարի 21-ին Սևանի կենտրոնական հիվանդանոցում անցկացվեց «Հրդեհաշիջումը Սևանի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցում էին Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի և հիվանդանոցի աշխատակիցները:

Ինֆեկցիոն բաժանմունքը մեկհարկանի քարե կառույց է՝ պանելային ծածկով, փայտից կառուցված ձեղնահարկով: Ըստ պլանի՝ հրդեհն ընդգրկել է շենքի մի մասը, կրակը սպառնում է մարդկանց կյանքին: Ներսում մնացել են երկու տուժած, որոնք չեն կարողանում ինքնուրույն լքել տարածքը: Նրանցից մեկը ստացել է սրունքի կոտրվածք, մյուսը ծխից ուշագնաց է եղել, ունի այրվածքներ: Օղակի հրամանատարը պատուհանից իրականացնում է հրդեհաշիջման աշխատանք, իսկ երկու ծառայողները շնչառական ապարատներով մտնում են սենյակ, դուրս բերում տուժածներին, ցուցաբերում օգնություն և հանձնում բժիշկներին։

Սևանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Էվելինա Խաչատրյանը նշեց, որ շուտով հիվանդանոցը միանալու է պոլիկլինիկային, անելիքներ շատ են լինելու: Նախկինում Սևանի հիվանդանոցում անցկացված վարժանքները կոփել են փրկարարների հատկապես առաջին օգնության հմտությունները: Միջոցառումներին միշտ ներգրավվում է պայմանական տուժած, առավելագույնս իրական պատկեր ստանալու համար արյան փոխարեն կիրառվում է կարմիր գունանյութ: «Փորձում ենք անընդհատ լավ «մարզավիճակում» լինել։ Առաջին օգնության հարցերին լրջորեն ենք վերաբերվում։ Եղել է ՝ ավտովթարի դեպք սպասարկելիս ինքներս ենք ուղղորդել բուժաշխատողին՝ ինչպես ճիշտ վիրակապ դնել»,- հավելեց հրամանատարը։

Նույն օրը Վարդենիսի «Մակվիչ» ընկերության գազալցակայանում կայացավ հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջում գազալցակայանում փրփրագեներատորի օգնությամբ» թեմայով: Գազալցակայանում կան ճնշումային գազաբալոններ, վարչական շենք՝ գույքով, լցավորման կանգնած ավտոմեքենաներ։ Անվտանգության նկատառումներով շենքը կահավորված է առաջնային հրդեհաշիջման միջոցներով, ունի արտաքին ջրամատակարարման ցանց, միացած է «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգին:

Ըստ վասրժանքի պլանի՝ հրդեհ է բռնկվել լցավորման կանգնած մեքենայում, պայթյունի վտանգ կա։ Տուժած վարորդը ստացել է ձեռքերի առաջին աստիճանի այրվածքներ: Կատարվում է հրդեհաշիջում, տուժածին ցուցաբերվում է օգնություն։

Վարդենիսի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մնացական Փոստոյանի խոսքով՝ տարածաշրջանում գործող 5 գազալցակայանից միայն երկուսն ունի «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգ: Բոլոր ընկերությունները պատրաստակամ են օժանդակելու վարժանքների անցկացմանը, ակտիվորեն ներգրավվում են գործընթացին։

Փետրվարի 22-ին Արարատի մարզային փրկարարական վարչությունը «Հայաստանի էլցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում անցկացրեց «ԱԻ ժամանակ էներգետիկ համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Նպատակն էր ստուգել բաշխիչ ցանցում վթարի դեպքում ղեկավար կազմի և ստորաբաժանումների գործողությունները։ Ուսումնավարժությանը մասնակցում էին օդային և մալուխային գծերը սպասարկող երկու բրիգադ: Արդյունքը գնահատվեց բավարար, թերի էր միայն հետախուզական կազմավորման զեկույցը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ