Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՈՐ ԱՄԱՆՈՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԼԻՆԻ

ՈՐ ԱՄԱՆՈՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԼԻՆԻ

610
Տարածել

Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել Ամանորի խորհրդանիշ տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես.

  • Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա:
  • Մի քանի հարկանի առանձնատանը տոնածառը տեղադրեք առաջին (ծայրահեղ դեպքում` երկրորդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունի մեկից ավելի տարհանման ելք:
  • Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը:
  • Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկվել ինչպես ջահը:
  • Լուսավորության համար պետք է օգտագործել 12 Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել:
  • Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր:
  • Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Չի թույլատրվում`

  • տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև,
  • օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ,
  • օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր,
  • տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով,
  • միջոցառումների անցկացման սրահը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել,
  • ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:

Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից: Չի կարելի երեխաներին թողնել տոնածառերի մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

Իսկ եթե, այնուամենայնիվ, հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով:
  • Ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից:
  • Տոնածառը շրջեք հատակին, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է):
  • Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում՝ այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում: Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք:
  • Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը:
  • Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան:
  • Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ երեխաների մեծ կուտակում կա, տարհանման ժամանակ հրմշտոցի հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառերի հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Ամենակարևորը. այս կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը ամանորյա հանդիսությունների ժամանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարության պետական հրդեհային և

տեխնիկական անվտանգության տեսչություն