Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳ ՍՈՒԶՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ՎԵՐԱԴԱՐՁ

ԱՆՎՏԱՆԳ ՍՈՒԶՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ՎԵՐԱԴԱՐՁ

1047
Տարածել

Մասնագիտական օգնություն Արցախի ջրափրկարարներին

Բուլղարահայ սուզորդ Կրիկոր Սրենցը ծնունդով Պլովդիվ քաղաքից է։ Հոր օրինակին հետևելով՝ փոքրուց սկսել է դայվինգով զբաղվել։ Եվրոպական CMAS, ամերիկյան IANTD և անգլիական BSAC ջրասուզակային կազմակերպությունների մարզիչներից է, համաղեկավարում է Բուլղարիայի ջրասուզակային գործունեության ազգային ասոցիացիան։

Սուզումներ է կատարել Միջերկրական, Էգեյան, Կարմիր, Սև և Ադրիատիկ ծովերում։ Անձնական ռեկորդը 100 մ է, թեպետ երբեմն ավելի մեծ խորություններ են գրանցվում։ «Դրանք պարզապես թվեր են։ Կարևորը ճիշտ սուզվելն է և անվտանգ ջրի մակերես վերադառնելը»,- նշում է միջազգային կարգի մասնագետը։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո բուլղարահայ սուզորդ Արմեն Կոջանյանի հետ որոշեցին Արցախ մեկնել՝ օգնություն ցուցաբերելու։ Ի սկզբանե ծրագրել էին լողի դասեր կազմակերպել, սակայն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մեխակ Արզումանյանի հետ ծանոթությունը շրջադարձային եղավ։

Կրիկորի խոսքով՝ ջոկատի 7 ջրափրկարարներից ոչ ոք միջազգային հավաստագիր չուներ, աշխատում էին առանց անվտանգության տեխնիկայի իմացության՝   վտանգելով կյանքն ու առողջությունը։ Տեսական և գործնական պարապմունքներից հետո փրկարարները բարեհաջող քննություն էին հանձնել և ստացել մինչև 21 մ սուզվելու հավաստագիր։ Այս տարի սեպտեմբերի 15-20-ը սուզումները շարունակվել էին Սևանա լճում, ապա՝ Սարսանգի ջրամբարում։ Փրկարարներին շնորհվել էր 2-րդ կարգի հավաստագիր, որը թույլ է տալիս մինչև 40 մ խորության վրա փրկարարական աշխատանքներ կատարել։

Հայաստանում անցկացրած օրերին մասնագետը զրուցել էր նաև տեղի ջրափրկարարների հետ, խնդիրները նույնն են։ Առաջարկների փաթեթ է մշակել, որը կարող է երկու կողմին էլ օգտակար լինել. «Արտակարգ դեպքերում առնվազն երեք ջրափրկարար է պետք, երկուսը՝ ջրում, մեկը՝ ցամաքում. միայն այդպես կարելի է լիարժեք անվտանգություն ապահովել։ Արցախի ջոկատը երկու հոգու համար նախատեսված հանդերձանք ուներ, ես ևս մեկը նվիրեցի։ Ընդհանուր առմամբ՝ սարքավորումների և հանդերձանքի պարագաների պակաս կար՝ ռեգուլյատոր, լաստեր, լապտերներ, շնչադիմակով շարժական թթվածնային ապարատ, որը պետք է սուզորդի անբաժան մասը լինի թե՛ արձագանքման, թե՛ պարապմունքների ժամանակ»։

Արցախում մյուս խնդիրը 20 տարվա արտադրության միակ կոմպրեսորն է, որի մաքրման ֆիլտրը երբեք չի փոխվել։ Կրիկորը հավելում է՝ այսօր գերմանական շուկան այնքան բազմազան է, որ հնարավոր է մատչելի գնով որակյալ ապրանք ձեռք բերել։

Սկուբադայվինգն ինքնին ռիսկային սպորտաձև է, ինչը հատուկ բժշկական հաստիքի ներմուծման անհրաժեշտություն է ստեղծում։ Բարոթերապիան (ֆիզիոթերապիա՝ մարմնի վրա բարձր կամ ցածր մթնոլորտային ճնշման գործադրմամբ), մասնավորապես՝ հիպերբարիկ բժշկությունը 10 տարուց ավելի կիրառվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Սփյուռքահայ սուզորդը պատրաստ է իր ունեցած գրականությունը տրամադրել ոլորտով հետաքրքրվողներին։

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մեխակ Արզումանյանը կարևորում է Կրիկոր Սրենցի ներդրումը. վերջինս ջոկատին ջրային լապտերներ, կողմնացույց, ձեռնոցներ և սաղավարտներ է նվիրել։ «Նրա շնորհիվ ջրային համակարգիչ ունենք, որը ցույց է տալիս ջրի ջերմաստիճանը, խորության և թթվածնի քանակի հարաբերակցությունը և, ամենակարևորը, ջրում մնալու ճշգրիտ ժամանակը՝ վնասվածքներից խուսափելու համար։ Մեզնից շատերը 10-15 տարվա փորձ ունեն, սակայն այս ձևաչափով դասընթաց առաջին անգամ էինք անցնում։ Ցանկալի է՝ դրանք շարունակական լինեն»,- ամփոփում է հրամանատարը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Տարածել
Նախորդ հոդվածԱՇՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ
Հաջորդ հոդվածPPRD East 2