Գլխավոր Նորություններ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

1281
Տարածել

Ուսանողական վարժանք՝ INSARAG-ի չափանիշներով

Հոկտեմբերի 13-ին՝ աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցությամբ ՃՊԿԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում կանցկացվի ցուցադրական գործնական պարապմունք-վարժանք՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group INSARAG) սահմանած չափանիշներով: Առաջին անգամ է, որ կանցկացվի միայն ուսանողների մասնակցությամբ վարժանք, որի սցենարն առավելագույնս մոտեցված է իրականությանը: INSARAG-ը սահմանել է 250 չափանիշ՝ սկսած կառավարումից մինչև տուժածների հայտնաբերում, տարածքի նշագրում և այլն:

Վարժանքի կազմակերպչական խմբի ղեկավար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանի խոսքով, սցենարի համաձայն, տեղի է ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, տեղ-տեղ խուճապ է: Վարժանքին լինելու են պրոֆեսիոնալ փրկարարների վարժանքների ժամանակ իրականացվող բոլոր քայլերն ու առանձնացվող տեղամասերը՝ կառավարման շտաբի բացազատում-կառավարում, համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ, բարձրահարկ շենքի փլուզում-վերևի հարկերում մնացած մարդկանց տարհանում՝ պարանային գործողություններ, փլատակներում մնացած տուժածների հայտնաբերում և դուրս հանում, բուժտեսակավորման կետ և այլն: Կլինի ֆիզիկական և տեխնիկական որոնում՝ երեք տեսակի սարքերով, փլատակներում տուժածների հայտնաբերումից հետո պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրական, ներքին այրման շարժիչով, մեխանիկական սարքերով փլատակների կտրում:

Սցենարը բավականին բարդ է, փրկարարական աշխատանքները սկսելուց հետո պարբերաբար նոր ահազանգեր են ստացվում. երկաթուղային կայարանում հրդեհ և խուճապ է, վագոններից մեկը լցվել է ծխով, ուղեկցորդուհին ուշագնաց ընկած է վագոնում, փլատակների մի կույտից ձայներ են լսվում, հավանաբար մարդիկ կան, շենքերից մեկի փլուզման հետևանքով մեքենաներ են բախվել պատին ու մնացել քարերի տակ, մեքենաների մեջ մարդիկ են արգելափակվել:

Ամեն տեղամասում առանձին խումբ է աշխատելու: Բոլոր տեղամասերում աշխատելու են բացառապես ուսանողները: Օրինակ, «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտություն ընտրած ուսանողները կաշխատեն «Երկրաշարժի ժամանակ ավտովթարի հետևանքների վերացում» հատվածում, հրդեհաշիջման աշխատանքներում ներգավված կլինեն «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության ուսանողները, փլատակների մաքրում կիրականացնեն «Փրկարարական գործի» ուսանողները:

Երկրաշարժի գոտում գտնվող ականատեսների դերում էլ ակադեմիայի ուսանողներն են, ինչը, ըստ Գևորգ Հովակիմյանի, երկկողմանի ուսանելի է. ապագա փրկարարը կլինի թե՛ ֆիզիկական որոնում իրականացնողի դերում, թե՛ արտակարգ դեպքի ականատեսի, կսովորի նաև, թե ինչպե՞ս խոսել տուժածի հետ, օգնության պահին ի՞նչ հարց տալ նրան, ինչպե՞ս պարզել, թե մոտավորապես ո՞ր մասում կարող են տուժածներ լինել և այլն: Երկրաշարժի զոհերը մանեկեններ են, իսկ կենդանի տուժածները՝ ակադեմիայի ուսանողները:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն ապահովելու են վարժանքի անվտանգությունը, չեն միջամտելու ոչ մի աշխատանքի: Կմիջամտեն միայն մեկ դեպքում, եթե նկատեն վարժանքի մասնակից ուսանողի սխալը, որը կարող է իրական վտանգ ու ռիսկ, որևէ մեկի անվտանգության համար սպառնալիք առաջացնել:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Մեր թերթի 35-րդ համարում տեղեկացրել ենք, որ այս տարվա հոկտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվելու է աղետների ռիսկի նվազեցման թեմայով միջազգային գիտաժողով՝ «Դիմակայունության բարձրացում հանուն կայուն զարգացման», որին մասնակցելու է եվրոպական և ասիական 17 երկիր: Այս համաժողովի մասնակիցները կլինեն ուսանողական ցուցադրական գործնական պարապմունք-վարժանքի դիտորդներ: