2022 թվականի փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ:
Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները հրդեհի վերաբերյալ 3 կանչ են սպասարկել, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով:
Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Մարտունու քաղաքի բնակիչը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթե սյանը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը եւ մարել:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 21, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 23 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 11 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն, ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 7 կանչի:
Շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝ փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելքը, որոնք ցավոք արդյունք չեն տվել:
Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել եւ վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 եւ ձեռքի 2 նռնակ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն