Նիդերլանդների Դելֆտ քաղաքի տեխնիկական համալսարանի գիտնականները փորձում են ստանալ ասֆալտի մի տեսակ, որը մեկընդմիշտ կբացառի խցանումները՝ զգալիորեն կկրճատելով վթարներն ու ճանապարհների նորոգման ժամանակը: Գիտնականների նորամուծության հիմքում պողպատե մանրաթելային հիմքով նյութն է: Այս նյութը էլեկտրահաղորդիչ է: Մանր ճաքերի առաջացման դեպքում կարիք չի լինի փակել ճանապարհը, նորոգում սկսել, հարկ է միայն վնասված մասով հատուկ էլեկտրամագնիսական մեքենայով անցնել, որի տակ տեղադրված մագնիսի ազդեցության արդյունքում պողպատե մանրաթելերը կտաքանան, և մանր ճեղքերը կփակվեն:
Գիտական խմբի ղեկավար Էրիկ Շլանգենը հայտարարել է, որ նոր տեսակի ասֆալտը ավանդականից 25 տոկոսով թանկ կլինի, սակայն կծառայի երկու անգամ ավելի երկար:
Միայն Նիդերլանդներում այս նորամուծությունը թույլ կտա տարեկան տնտեսել 90 միլիոն եվրո: «Պողպատե» ասֆալտն արդեն փորձարկվում է Նիդերլանդների ճանապարհների 12 տարբեր հատվածներում: Մեկ տեղում այն հուսալի ծառայում է արդեն 7 տարի:
Շլանգենն ասել է նաև, որ սա ծրագրի միայն առաջին փուլն է, որի հաջող ելքի դեպքում կսկսեն երկրորդ փուլը՝ պողպատե մանրաթելերի միջոցով կլիցքավորեն էլեկտրամոբիլները: Խցանման մեջ կամ լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած էլեկտրամեքենան կսնուցվի հենց ճանապարհածածկույթից:
Նիդերլանդցի գիտնականների աշխատանքը նոր տեսակի ասֆալտ ստանալու առաջին փորձը չէ: Շոտլանդացի ճարտարագետ Թոբի Մակքարթնին պլաստիկի հատուկ տեխնոլոգիայով վերամշակման արդյունքում ստացել է ավանդական ասֆալտին փոխարինող նյութ, որն ասֆալտից ամուր է 60 տոկոսով և ծառայում է 10 անգամ ավելի երկար, քան ասֆալտը: Այս նյութով ծածկված ճանապարհ արդեն կառուցվել է Անգլիայում:
«Պողպատե» և «պլաստիկ» ասֆալտներով արդեն հետաքրքրված են ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև՝ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը: