Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-Ը՝ ԳՆԱՀԱՏՈՂ ԽՄԲՈՒՄ

ԱԻՆ-Ը՝ ԳՆԱՀԱՏՈՂ ԽՄԲՈՒՄ

768
Տարածել

Մայիսի 7-10-ը Շվեյցարիայի Ավուլի վարժահրապարակում կայացել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում անցած շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, բրիտանական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի (HUSAR, THW, VIISC 1, ISAR) վերաորակավորում-ուսումնավարժանք: Սրանք եվրոպական ՔՈՓ լավագույն թիմերն են: Վերաորակավորման գնահատման խմբում ընդգրկված է եղել նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ,  INSARAG-ի արտաքին որակավորում անցած հայկական թիմի հրամանատար, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:  Հայկական թիմը INSARAG-ի արտաքին որակավորում է անցել 2015-ին, իսկ գնահատման խմբում ներկայացված էր առաջին անգամ՝ Դանիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի,  Հունգարիայի, «Փրկարարական շների միջազգային կազմակերպության», այլ պետությունների և հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Արտավազդ Դավթյանից տեղեկացանք, որ վարժանքի գնահատման խմբում ընդգրկվելու առաջարկը ստացվել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակից (UNOCHA, INSARAG-ը այս գրասենյակի հովանու ներքո աշխատող կառույց է): «Սա շատ մեծ փորձ էր ու հնարավորություն՝ համեմատելու մեր կարողություններն ու պատրաստվածությունը այլ թիմերի հետ: Չենք զիջում»,- տեղեկացրեց Արտավազդ Դավթյանը:

«Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբը» ստեղծվել է 1991-ին՝ 1988-ին Հայաստանի հյուսիսում գրանցված Սպիտակի երկրաշարժից հետո, երբ մի կողմից հուսադրող էր, որ այլ պետություններից մեծ ծավալներով մարդասիրական օգնություն էր գալիս, մյուս կողմից բացահայտվեց լուրջ խնդիր. այդ օգնությունը համակարգելու մեխանիզմներ, սկզբունքներ չկան: Հենց միասնական մեթոդաբանություն, համաշխարհային փրկարարական շարժում ունենալու համար ստեղծվեց INSARAG-ը: Նաև այս պատճառով է, որ INSARAG-ի մասին տեղյակ կամ INSARAG-ի համակարգում ներկայացվածություն ունեցող ցանկացած երկիր, թիմ ու փրկարար գիտի Հայաստանի մասին:

Արտավազդ Դավթյանն ընդգրկված է եղել ՔՈՓ թիմերից մեկի ղեկավարման և ուսուցանման ուղղությունների գնահատման խմբում: Վարժանքի ավարտին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակից հետաքրքրվել են՝ հայկական ՔՈՓ թիմի բժիշկը կարո՞ղ է գնահատել այլոց: Արտավազդ Դավթյանի պատասխանը դրական է եղել: Այլ խոսքով՝ չի բացառվում, որ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, մեկ այլ վարժանքի մասնակցի ՔՈՓ թիմի բժշկական կարողությունները գնահատողի դերում:

INSARAG-ի արտաքին որակավորում անցած հայկական թիմի հրամանատարի կարծիքով, վերաորակավորման գնահատման խմբում ներկայացված լինելը որակական նոր մակարդակ է հայկական թիմի համար. «Ոչ միայն կարողություն ունենք, այլև կարող ենք գնահատել ուրիշների կարողությունը»: