Գլխավոր Վերլուծություն Փրկարար մարզիկը տպավորել է իր ելույթով

Փրկարար մարզիկը տպավորել է իր ելույթով

188
Տարածել

Նոյեմբերի 24-27-ը Ռուսաստանի դաշնության Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացավ «Ռուսաստանի տարածաշրջանային չեմպիոնների գավաթ» ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում էր 7 երկիր։ Հայաստանը ներկայացրեց 5 մարզիկ, որոնց թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Սարգիս Միրիբյանը։ Նա 69 կգ քաշային կարգում 105 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը։ Սա գերազանց արդյունք է՝ հաշվի առնելով մեկ տարի առաջ մարզիկի ստացած ուսի վնասվածքը։

Սարգսի խոսքով՝ ամբողջ թիմն առաջին անգամ էր մասնակցում նման մրցույթի, որտեղ նույն հարթակ են դուրս գալիս ֆիզիկապես առողջ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Չնայած թիմը մրցանակային տեղերի չարժանացավ, բայց առանձնացավ իր տեխնիկայով։ Ի տարբերություն մյուսների՝ հայ մարզիկները ծանրաձողը բարձրացրել էին օլիմպիական խաղերի կանոններով՝ երեք վայրկյան կրծքի վրա պահելով։

Հաղթող էր ճանաչվել երկու ոտքից զուրկ ռուս մարզիկը, որը բարձրացրել էր ռեկորդային քաշ՝ 245 կգ։ «Մրցույթի նպատակն էր ցույց տալ, որ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չկա, եւ ռուս մարզիկը դրա ապացույցն էր։ Ծանրամարտիկի համար շատ կարեւոր են ոչ միայն պարապմունքները, այլեւ ճիշտ սննդակարգը, վիտամիններ ընդունելը։ Եվ արդյունքը կլինի տեսանելի»,- հավելում է Սարգիսը՝ կատակով նշելով, որ իր երկու զավակների մեծանալուն պես տան տարածքը փոքրացել է, եւ իր ծանրաձողը տեղափոխել է վարչություն՝ ազատ ժամանակ մարզվելու։

Փրկարարի առաջիկա նպատակներից է միջոցներ գտնել առողջությունը բարելավելու համար, որպեսզի պատրաստվի հաջորդ մրցաշարերին։

Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի հիմնադիր, Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը ներառականության տեսանկյունից կարեւորեց այս մրցումը։ Բոլոր մարդիկ, անկախ իրենց ֆիզիկական հնարավորություններից, նույն կերպ պետք է գնահատվեն։ Գրետան դեկտեմբերին կմեկնի աշխարհի գավաթի առաջնության։ Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գրետա Վարդանյանը