Գլխավոր Ուսուցողական նյութեր Աշխարհի ամենացուրտ բնակավայրը

Աշխարհի ամենացուրտ բնակավայրը

779
Տարածել

Ռուսաստանի Օյմյակոն գյուղը աշխարհի ամենացուրտ մշտապես բնակեցված վայրն է: Այստեղ օդի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1927 թվականին՝ — 71.2 °C: 500 բնակիչ ունեցող այս բնակավայրը  գտնվում է ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա, հունվար ամսին օդի միջին  ջերմաստիճանը -55 °C է , իսկ փետրվարին՝ -60°C եւ ավելի ցածր: Օյմյակոնի բնակիչները -30 աստիճան ցուրտը համարում են զով եղանակ, կարող են համեմատաբար թեթև հագնվել, նույնիսկ գլխարկ չկրել: Այստեղ ձմեռը երկարատև է, ամառը՝ կարճատև: Ի տարբերության ծայրահեղ  ցուրտ ձմռանը, ամառը շոգ է, օդի ջերմաստիճանը հասնում է նույնիսկ +30 °C-ի և ավելիի: Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 2010 թվականի հուլիսի 28-ին՝ +34,6 °C:

Օյմյակոնում ցուրտ կլիմայի պատճառով ոչինչ չի աճում, բայց տեղացիները քաղցած չեն մնում: Նրանք հիմնականում սնվում են հյուսիսային եղջերուների և ձիու մսով: Բնակիչները խմելու ջուր բերում են այլ վայրերից: Օյմյակոնցիները պետք է հասցնեն ջուրը հաշված րոպեների ընթացքում դատարկել ջրով լի տարաները, հակառակ դեպքում դրանք արագ կսառեն:

Օյմյակոնի բնակիչները ձմռան ամիսներին  մեքենաների շարժիչները չեն անջատում, քանի որ հնարավոր է այլևս չկարողանան դրանք գործի գցել:  Հյուսիսային կիսագնդի այս գյուղի բնակիչների համար ցուրտ կլիմայով պայմանավորված առօրյա խնդիրներ կան: Ամենասարսափելի խնդիրներից են էլեկտրականության անջատումը, թաղման արարողությանը պատրաստվելը, հատկապես, երբ բնակիչը մահանում է ձմռան ցուրտ ամիսներին, երբ գերեզման փորելու համար պահանջվում է շուրջ երեք, նույնիսկ հինգ օր: Սառցե հաստ շերտը հալեցնելու համար գյուղացիները օրեր շարունակ կրակ են վառում:

Ձմռան ամիսներն այս գյուղում անհետաքրքիր են. փողոցները դատարկ, մարդիկ սաստիկ ցրտերն անցկացնում են տանը՝ վառարանների շուրջ: Երկրագնդի ամենացուրտ բնակավայրում  ապրում են ոչ միայն  ցրտադիմացկուն, խիզախ տղամարդիկ, այլև նրբակազմ կանայք ու փոքրամարմին երեխաները: Ցրտի բևեռում գործում է մանկապարտեզ, դպրոց, մթերային խանութ, հիվանդանոց օդանավակայան: Դասապրոցեսները հազվադեպ են հետաձգվում, դպրոցի դռները բաց են  մինչև -52-60°C-ի  դեպքում, երեխաները վերարկուներով ու գլխարկներով են նստում դասաժամերին, իսկ ինքնահոս  գրիչներով կարողանում են գրել միայն սեփական շնչով տաքացնելուց հետո: Ծնողները երեխաներին այնքան շատ եւ հաստ շորեր են հագցնում, որ վերջիներս դժվարանում են ինքնուրույն քայլել: Դպրոց և մանկապարտեզ ուղեկցում են սահնակներով, հասարակական տրանսպորտ  Օյմյակոնում չկա:

Սարսափելի ցուրտ պայմաններում ապրող և բազում դժվարություններ հաղթահարող ցրտի բևեռի  բնակիչները, կես կատակ կես լուրջ նշում են, որ նման պայմաններում ապրելու դրական կողմ էլ կա. «վիրուսները մեզ շրջանցում են, մահանում են նման ցուրտ պայմաններում, ուստի մրսածության դեպքում հիվանդանալու հավանակությունը մեզ մոտ շատ քիչ է»:

«Ցրտի բևեռի» բնակիչներն այդքան էլ դժգոհ չեն իրենց կյանքից, շարունակում են ապրել ու հաղթահարել շատերի համար անհաղթահարելի թվացող դժվարություններն ու սիրով հյուրընկալում են  աշխարհի տարբեր ծայրերից Օյմյակոն այցելած տուրիստներին: Ըստ ռուսական աղբյուրների, տարեցտարի աճում է ձմռանը գյուղ այցելող զբոսաշրջիկների քանակը:

Պատրաստեց Մերի Սողոմոնյանը