Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 421 կանչի են արձագանքել եւ օգնել շաբաթօրյակի մասնակիցներին

Փրկարարները 421 կանչի են արձագանքել եւ օգնել շաբաթօրյակի մասնակիցներին

2611
Տարածել

Ապրիլի 25-մայիսի 1-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 421 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 64 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 175 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 19 ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը դպրոցում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պաշպանության կազմակերպումը», «Ամոնիակի հոսքագծի վթարի եւ վառելիքաքսուքային ռեզերվուարի հրդեհի դեպքում բնակչության պաշտպա­նության միջոցառումների եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Ուսումնական հաստատության երկ­րորդ հարկում բռնկված հրդեհի դեպքում անձնակազմի տարհանումը պարանների միջոցով եւ հրդե­հաշիջման իրականացումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Կառավարության որոշմամբ մայիսի մեկին անցկացվեց համապետական շաբաթօրյակ: Փրկարարները ոչ միայն մարզային վարչությունների եւ հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներում են աշխատել, այլ նաեւ օգնել են այլ կազմակերպությունների, այլ տարածքներում իրականացվող աշխատանքներում՝ Շաքիի ջրվեժ, Որոտնավանք, Քարահունջ, Սեւանի թերակղզի, Վահանավանք վանքային համալիր, Լոռի Բերդ, Նոյեմբերյան քաղաքի Հաղթանակի փողոցում գտնվող Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան, Ծաղկահովիտ գյուղի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան, տարբեր բնակավայրերի հուշարձաններ եւ զբոսայգիներ եւ այլն: