Գլխավոր Վերլուծություն Գրքեր Սպիտակի երկրաշարժի մասին

Գրքեր Սպիտակի երկրաշարժի մասին

2381
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած աղետի հետեւանքները զգալի են առայսօր։ 25 հազար զոհ, 31 հազար վիրավոր, հարյուր հազարավոր անօթեւաններ, որոնցից շատերն արտագաղթեցին, իսկ մեծ մասը 33 տարի դեռ ապրում ու սերունդ է մեծացնում տնակային պայմաններում։

Թե Սպիտակի երկրաշարժը որքանով փոխեց մեր մտածելակերպն անվտանգության հարցերի վերաբերյալ՝ դժվար է հստակ ասել։ Առաջարկում ենք ծանոթանալ փաստավավերագրական եւ գեղարվեստական մեր ընտրանուն, որը եւս մեկ անգամ մտորելու առիթ կտա՝ որքանով են մենք հաշտ ապրում բնության հետ։

Սերգեյ Նազարեթյան, «Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով»

Անվանի երկրաֆիզիկոսի այս գիրք-ալբոմը յուրօրինակ հանրագիտարան է, որում մանրամասն ներկայացված են երկրաշարժի պարամետրերն ու բնութագրերը, կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքները, վնասված շենքերի վիճակագրությունը, տուժածներին ցուցաբերված բժշկական ու փրկարարական օգնությունը, երկրաշարժի գոտու վերականգնման ու վերակառուցման աշխատանքները եւ այլն։ Օգտագործվել են 110-ից ավելի լուսանկար, 50-ից ավելի քարտեզ՝ մասնագիտական մեկնաբանություններով։ Գիրքը հրատարակվել է 2018 թվականին՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ։

Մարինե Ասատրյան, «Նոր օր է»

Ինքնակենսագրական այս պատումը հետհայացք է անցյալին։ 16-ամյա աղջնակի երազանքները մեկ օրում հօդս են ցնդում, սկսվում է հիվանդանոցային դեգերումների ու պայքարի երկար ճանապարհ։ «Կարծում եմ՝ ինձ հետ համաձայն կլինեք, որ կյանքը լիարժեք ապրելու համար մի քիչ խենթ պիտի լինել։ Ինչպես ե՛ս։ Այնպես չէ՞»,- ընթերցողի հետ ինքնատիպ բառախաղով ու անկեղծությամբ զրուցում է Մարինեն։ Իսկապես գրքի վերջում մենք տեսնում ենք կյանքի մասին բանաստեղծական պատկերացումներով աղջնակի կերպարանափոխումը հասուն կնոջ, որը տարբեր սպորտաձեւերում արդեն կայացած մարզիկ է, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան։ Կին, որը չի դադարում սիրել։

Անի Անտոնյան, «Աղետ, մարդիկ, պատմություն»

Գիրքը երկու մասից է․ ներկայացված են աղետի գոտում աշխատած կամավորների, ականատեսների պատմություններն ու Ստեփանավանի ավերածությունների մասին արխիվային ֆոտոշարք։ Այն ընթերցողին կօգնի վերանայել անվտանգության կարեւորությունը մեր շրջապատում եւ մեր մտերիմների կյանքում։ Գիրքը հրատարակվել է 2019 թվականին՝ ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» աջակցությամբ։

Լ․ Գրիգորովա, Ա․ Գասպարյան, Լ․ Մանուկյան, «Հայաստան, դեկտեմբեր 88» / ռուսերեն/

Գիրքը յուրօրինակ օրագիր է, որում կարելի է գտնել պաշտոնական հաղորդագրություններ, ակնարկներ, դեպքի վայրում արված ռեպորտաժներ, ականատեսների հուշեր։ Օգտագործվել են բազմաթիվ վավերագրական լուսանկարներ։ Մի մեծ հատված նվիրված է հումանիտար օգնությանը։

Գ․ Տերյաեւ, Վ․ Պոտապով, «Հայաստանի՝ 1988 թվականի երկրաշարժը» /ռուսերեն/

Հեղինակները հանգամանալից ներկայացնում են ողջ արտակարգ իրավիճակը, որը տիրում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Նկարագրելով աղետի գոտում աշխատած գիտնականների եւ բժիշկների հուշերը՝ նրանք մատնանշում են, թե որքան կարեւոր է տարբեր մասնագետների համագործակցությունը նման մասշտաբի աղետի ժամանակ։ Գիրքն ընթերցողին հրավիրում է խորհելու եւ երկխոսելու երկրաշարժի պատճառների, հազարավոր մարդկանց ընդհատված ճակատագրերի եւ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մասին։ Առանցքային հերոսները բուժաշխատողներն են, որոնք օր ու գիշեր իրենց նվիրեցին երկրաշարժի հետեւանքները մեղմելուն։

Մ․ Կրուշինսկիյ, Ա․ Պրոցենկո, «Սգի եւ քաջության օրեր․ Հայաստան, դեկտեմբեր 88» / ռուսերեն/

Գիրքն աղետի առաջին օրերի մասին է, երբ տուժած համայնքներն աշխարհի տարբեր անկյուններից սկսեցին հումանիտար օգնություն ստանալ։ Հեղինակները «Իզվեստիյա» թերթի լրագրողներն են, որոնք աղետի գոտում զրուցել են ականատեսների հետ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Հայալեզու գրքերն առկա են ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», իսկ ռուսալեզու գրքերը՝ Երեւանի գրադարաններում։