Գլխավոր Վերլուծություն Թարմացվել է Ստեփանավանի դիմակայունության պլանը

Թարմացվել է Ստեփանավանի դիմակայունության պլանը

3632
Տարածել

Ավարտվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագիրը։ Դրամաշնորհ էր տրամադրվել Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատի ներկայացրած «Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» նախագծին, որի շրջանակում վերապատրաստվել է 60 կամավոր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական, բակալավրի կրթական ծրագրի ուսանողներից եւ Հայկական կարմիր խաչի ընկերությունից:

Ջոկատը ձեռք է բերել որոնողական աշխատանքների համար նախատեսված ժամանակակից գործիքներ, այդ թվում՝ եզակի ջրային ու իրազեկման դրոններ, դաշտային պայմաններում աշխատելու համակարգիչ։ Կազմակերպվել են թեմատիկ վարժանքներ, դասընթացներ «Արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոնի  օպերատորների եւ բոլոր կամավորների համար, որոնք հետաքրքրված են դրոնների կառավարմամբ եւ աղետների ռիսկի գնահատմամբ։

«Լոռէ» ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ թեեւ դասընթացներն անցել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում, բայց շատ արդյունավետ են եղել։ Ստեղծված կարողությունների շնորհիվ իրականացվել է Ստեփանավան խոշորացված համայնքի երկու բնակավայրի աղետների ռիսկի նվազեցման ուսումնասիրություն, թարմացվել են Ստեփանավանի ԱՌՆ հաշվետվությունն ու դիմակայունության պլանը։

Առաջիկայում նախատեսվում են նոր ծրագրեր, որոնց կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը