Գլխավոր Վերլուծություն Գնահատվում է COVID-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունը

Գնահատվում է COVID-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունը

2555
Տարածել

Այս տարվա փետրվարին, երբ COVID-19 կորոնավիրուսը նոր էր տարածվում աշխարհով մեկ, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի՝ ՄԱԶԾ, Հայաստանի գրասենյակը դիմել էր ՄԱԶԾ ճգնաժամային կառավարման բյուրոյին՝ COVID-19-ի առկա եւ հետաղետային վերականգնման իրավիճակի կառավարմանն աջակցելու համար: Ծրագիրը հաստատվել էր, ապրիլին ձեւավորվել էր երկու փորձագիտական խումբ, իսկ մայիսից սկսվել էին առցանց եւ հեռախոսային հարցումները:

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, ընտրվել է ավելի քան 120 համայնք՝ այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանը, նախատեսված 5000-ի փոխարեն անցկացվել է ավելի քան 7500 հարցում: Ընտրված են բոլոր չորս տեսակի համայնքները` խոշորացված համայնք քաղաքային կենտրոնով, խոշորացված համայնք գյուղական կենտրոնով, չխոշորացված գյուղ, չխոշորացված քաղաք: Այս համայնքներում է ապրում Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը:

Փորձագիտական խմբերից մեկում ներառված է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը՝ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյան: Նրա խոսքով, փորձում են վերհանել տնտեսության վրա համավարակի ազդեցությունն ըստ ոլորտների. համայնքների մատուցած ծառայություններ` կրթություն, աղբահանություն, ջրամատակարարում, ճանապարհներ եւ այլն:

Մարզերում հարցումներն արդեն ավարտվել են, Երեւանում` ընթացքում է: Հարցումներն անանուն են եւ ներառում են հանրության եւ պետական համակարգի բոլոր շերտերը՝ մարզպետարաններ, համայնքապետարաններ, ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ, ֆերմերներ, տնային տնտեսություններ: «Աշխատանքի բավականին լուրջ եւ հետաքրքիր համակարգ է ձեւավորված: Արդյունքը պիտի լինի այն, որ համադրելով բոլոր պատասխանները ստանանք տնտեսության եւ կարեւոր ենթակառուցվածքների վրա COVID-19-ի ազդեցության պատկերը` ինչպիսին էր վիճակը նախքան համավարակը եւ ինչպիսին է հիմա: Վերհանում ենք ոչ թե ինչ-որ թվեր, այլ` խոցելի կետերը»,- տեղեկացրեց Արմինե Հայրապետյանը:

Էլեկտրոնային հարցաշարը լրացնելը տեւում է 6-8 րոպե, անհրաժեշտության դեպքում փորձագետները հեռախոսով ճշգրտում են վերհանված խնդիրները: Օրինակ եթե համավարակի պատճառով համայնքում վատացել է տրանսպորտի կամ մանկապարտեզի վիճակը՝ հասկանալի է: Բայց երբ վարակի հետ կապ չունեցող ոլորտ է տուժել` աղբահանություն, էլեկտրամատակարարում՝ լրացուցիչ ճշտումներ են արվում:

Ծրագրի վրա ծախսվելու է մոտ 50 000 ԱՄՆ դոլար: Արդյունքները ներկայացվելու են որոշում կայացնողներին` կառավարությանը եւ միջազգային կառույցներին: Չի բացառվում, որ այս մեթոդաբանությունը կիրառվի այլ երկրներում եւս:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ