Գլխավոր Ուսուցողական նյութեր Սեյսմիկ անվտանգության խնդիրները՝ Հայաստանում

Սեյսմիկ անվտանգության խնդիրները՝ Հայաստանում

1895
Տարածել

Հայաստանում սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը համակարգված դրվեց Սպիտակի երկրաշարժից հետո, երբ օտարերկրյա, ԽՍՀՄ եւ հայ մասնագետները վերլուծեցին աղետի հիմնական պատճառներն ու երկրաշարժի դրսեւո­րում­ները։ Գործնական առաջին քայլերից էր 1989թ. հանրապետության տարածքի ընդհանուր սեյսմիկ շրջանացման նոր սխեմայի կազմումը, որով սեյսմիկ վտանգի մակարդակը 1-2 բալով բարձրացվեց։

Առայսօր գրանցվել են  մի շարք կարեւոր ձեռքբերումներ․ մշակվել են սեյսմիկ անվտանգության ապահովման համար իրավական փաստաթղթեր`օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր,  կարգեր եւ այլն, հաստատվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու երկարաժամկետ պետական ծրագիր, հանրապետության ողջ տարածքում եւ առանձին տարածքներում կատարվել են տարբեր մակարդակի սեյսմիկ վտանգի գնահատումներ եւ մշակվեցին վտանգի քարտեզներ, օրենքի ուժ են ստացել սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերն ու կարգերը՝ սկսած նախագծումից ու փորձաքննությունից, ստեղծվել են սեյսմիկ, երկրա­ֆի­զիկական, երկրաբանական, երկրաքիմիական եւ այլ դիտարկումների փաստացի տվյալ­ների թվային բազաներ, վերաբացվել եւ վերակառուցվել է աշխարհում եզակի՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանն իր ստորգետնյա շինություններով եւ այլն։

Այս ձեռքբերումների ֆոնին պետք է օբյեկտիվ գնահատել մեր երկրի սեյսմիկ անվտանգությունն ապահովող հիմնական տարրերի ներկայիս վիճակը՝ ելնելով նախապատրաստ­վածության, սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատման գործոններից։

Հասարակության տարբեր շերտերին սեյսմիկ պաշտպանությանը պատրաստելու լավագույն ուղին ուսուցումն ու վարժանքների իրականացումն է, ինչի համար անհրաժեշտ են ուսումնական նյութեր, ուսուցման մեթոդներ ու ուսուցանողներ: Այսօր մշակված են մոտեցումներ տարբեր տարիքի դպրոցականների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), աշխատող­ների, ուսանողների եւ այլ խմբերի ուսուցման համար: Հանրապետության տարբեր քաղաք­ներում ու մարզերում ստեղծվել են ուսուցման հենակետեր, իրականացվում են երկրաշարժի թեմայով իրավիճակային վարժանքներ, մշակվում են հաղորդումներ։ Չնայած այս ամենին՝ մասնագետները գտնում են, որ ուսուցման արդյունավե­տությունը կտրուկ կբարձրանա, եթե հանրակրթական ուսումնական ծրագրերով՝ որեւէ առարկայի շրջանակում, կատարվի անհատական վարքականոնի ուսուցում: Ոչ պակաս դեր ունեն նաեւ ՏԻՄ-երը՝ սեյսմիկ ռիսկի աճը կանխելու, ռիսկի նվազեցման խնդիրները լուծելու, սեյսմիկ արտակարգ իրավիճակում, հատկապես՝ աղետի առաջին օրերին փրկարարական ու կենսաապահովման գործո­ղու­թյունները կազմակերպելու գործում։ Այս մասով դեռ շատ անելիք կա։

Կարեւոր է սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների կանոնակարգման համար իրավական փաստաթղթերի մշակումը եւ կիրառումը։ Մասնավորապես, հրատապ է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերամշակումը, քանի որ անցած 17 տարիներին լուրջ փոփոխություններ են կատարվել սեյսմիկ անվտանգության ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: Բաց է պետական կառավարման, տարածքային ու տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների, հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության կազմա­կեր­պական իրավական դաշտը:

Մյուս խնդիրը երկրաշարժից ապահովագրումն է։ Սովորաբար ավերիչ երկրաշարժերի հասցրած վնասը հատուցում են կառավարություն­ները, ապահովագրական ընկերությունները եւ ինչ-որ չափով՝ միջազգային ու բարեգործական կազմակերպությունները: Առաջարկվում է դիտարկել ապահովագրումը որպես սեյսմիկ պաշտ­պանության տարր: Այս հիմնախնդիրը լրիվ լուծված չէ նույնիսկ զար­գացած երկրներում, քանի որ ապահովագրման համար կան անորոշ հիմքեր, օրինակ, երկրաշարժերի հնարավոր հաճախականությունն ու ուժգնությունը, դրանց ազդեցությունը շինությունների, մարդկանց վրա եւ այլն:  Այս համատեքստում առավել դժվար է մարդու կյանքի եւ առողջության ապահո­վագրումը: Այդուհանդերձ Հայաստանում որոշ կազմակերպություններ սկսել են այս ուղղությամբ հետաքրքրվել։

Բավարար մակարդակում չէ նաեւ հանրապետության տարածքի, բնակավայրերի, կենսաապահովման գծերի եւ այլ կարեւոր օբյեկտների վերաբերյալ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ GIS տեխնոլոգիաներով սեյսմիկ ռիսկի ու խոցելիության գնահատման բազաների ստեղծումը, ինչը թույլ կտա ճիշտ պլանավորել բնակավայրերի կառավարումը, մշակել զարգացման ծրագրեր, լուծել բնապահպանական խնդիրներ եւ այլն։

 

Հրապարակումը պատրաստվել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» միջազգային կոնֆերանսի շրջանակում ներկայացված «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության արդի մակարդակընախապատրաստվածություն, սեյսմիկ վտանգի գնահատում, սեյսմիկ ռիսկի գնահատում» խորագրով զեկույցի հիման վրա։ Հեղինակ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյան

 

Լուսանկարը՝ «Հետք» պարբերականի