Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

2314
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 252 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 44 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 133 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ:

Այլ կանչեր. Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հարթագյուղ համայնքի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի մոտ, մթության պատճառով, քաղաքացիներ են մոլոր­վել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները երեք քաղաքացու մոտեցրել են իրեց ավտոմեքենային։ Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գինեվետ գյուղի սկզբնամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը, դուրս բերելու համար անհրաժեշետ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել կենդանուն:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Սահմանամերձ համայնքներից բնակչության զանգվածային ներհոսք դեպի Իջեւան` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երկայնքով հակամարտության սրման արդյունքում», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցներում», «Բիզնես կենտրոնի աշխատակիցների եւ  այցելուների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհի դեպքում», «Հրդեհ պահեստային սենյակում», «Հրդեհաշիջումը մշակույթային հաստատություններում», «Սողանք սահմանամերձ գյուղում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: