Եթե ջուրն եք ընկել
Եթե պատաhաբար, անզգուշորեն, անուշադրության պատճառով ջուրն եք ընկել, աշխատեք խուճապի չմատնվել, փորձեք օգնություն կանչել եւ մնալ ջրի երեսին: Ծանր հագուստը կարող է թրջվել եւ, էլ ավելի ծանրանալով, խանգարել ձեզ, իսկ ահա թեթեւ հագուստը կարող է օգնել: Եթե հաջողեք ձեր թեթեւ շապիկի փեշը դնել անդրավարտիքի գոտու մեջ եւ փչեք վզի բացվածքից ներս, ապա ուսերի հատվածում կառաջանան օդային բարձիկներ, որոնք կօգնեն մնալ ջրի երեսին: Ջրում դժբախտ պատահարից զերծ մնալու համար հինգ հիմնական քայլ կա:
- Ջրավազանների ափերին, ջրի մոտ երբեք երեխաներին մի թողեք առանց հսկողության:
- Ջրավազանների ափերին, ջրի մոտ հանգստանալիս ձեզ հետ տարեք ջրափրկարարական միջոցներ, օրինակ՝ օդով լցված փրկօղակ:
- Անգամ եթե հրաշալի լողորդ եք, եւ ձեզ համար «ծովը ծնկներից է», ոչ մի դեպքում միայնակ մի մտեք ջուրը:
- Անգամ եթե «հազիվ մի թաս» ալկոհոլ եք օգտագործել` ջուրը մի մտեք:
- Ջրում «արի իրար խեղդենք» տրամաբանությամբ կատակներ մի արեք, իրար մի քաշքշեք: Նման կատակները երբեմն ողբերգական ավարտ են ունենում: