Գլխավոր Վերլուծություն 2018 թվականի առաջին կիսամյակի հրդեհները

2018 թվականի առաջին կիսամյակի հրդեհները

1155
Տարածել

2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 865 հրդեհ` 262 միլիոն  դրամի նյութական վնասով, զոհվել է 5, վնասվածքներ ստացել` 13 մարդ: 2017 թվականի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 989 հրդեհ` 419 միլիոն դրամ նյութական վնասով, զոհվել էր 3 եւ վնասվածքներ ստացել` 26 մարդ: Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ հրդեհների քանակը նվազել է 124 դեպքով (12,5 տոկոս), նյութական վնասը` 157 միլիոն դրամով (37,5 տոկոս), վնասվածք ստացածների քանակը 13-ով (50 տոկոս), իսկ զոհերի թիվն աճել է 2-ով (66,7 տոկոս):

Հրդեհների քանակը նվազել է բոլոր մարզերում, աճել՝ միայն Երեւանում: Հրդեհների 50 տոկոսը տեղի է ունեցել բաց եւ խոտածածկ տարածքներում, 28 տոկոսը՝ բնակելի հատվածում, 9 տոկոսը՝ ավտոմեքենաներում, 3 տոկոսը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 10 տոկոսը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 62 տոկոս, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 20 տոկոս, երեխաների խաղալը կրակի հետ` տոկոս, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 4 տոկոս, հրկիզումները՝ 2 տոկոս:

Հրդեհների 54 տոկոսն արձանագրվել է քաղաքային, իսկ 46 տոկոսը` գյուղական բնակավայրերում: Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 25-ը խոշոր են (նախորդ տարի` 33), որոնցից պատճառված նյութական վնասը 160 միլիոն դրամ է՝ ընդհանուր նյութական վնասի 62 տոկոսը:

Առավել խոշոր հրդեհներից են.

  1. 5 հունվարի, քաղաք Երեւան, Շիրակի 62/3, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 9 հունվարի, Լոռու մարզ, գյուղ Քարինջ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում:
  3. 10 մարտի, քաղաք Երեւան, Շերամի 98/8, «DG սերվիս» ընկերության ավտոսպասարկման կետ: Նյութական վնասը՝ 12 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  4. 14 մարտի, քաղաք Երեւան, Նոր Խարբերդի ամառանոցներ: Նյութական վնասը՝ 10 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ գազի արտահոսք:
  5. 26 մարտի, քաղաք Երեւան, Միկոյան 14/1 «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  6. 8 ապրիլի, քաղաք Երեւան, Թբիլիսյան խճուղի 1/2, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 4 570 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառելիքի արտահոսք:
  7. 12 ապրիլի, Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, ավտոտնակ: Նյութական վնասը՝ 15 440 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  8. 23 ապրիլի, ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, բնակելի տնակ: Նյութական վնասը՝ 10 080 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:
  9. 8 մայիսի, Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ, գինու արտադրամաս: Նյութական վնասը՝ 28 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  10. 25 հունիսի, քաղաք Երեւան, Մելքոնյան փողոց, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 17 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

Իրավապահներին է ուղարկվել 89 հրդեհի  նյութ, քրեական գործեր են հարուցվել 21 դեպքում: Հակահրդեհային քարոզչական բնույթի 150-ից ավելի ելույթներ են եղել զանգվածային լրատվության բոլոր հասանելի միջոցներով (հեռուստատեսություն, մամուլ, համացանց, եւ այլն), տարբեր լրատվական ծառայություններին տրամադրվել են հակահրդեհային իրավիճակի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական, ուսուցողական, իրազեկող նյութեր եւ հակահրդեհային քարոզչական բնույթի հոդվածներ: Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 400-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաեւ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Տեսչությունը տուգանել է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող 48 անձի, տուգանքի ընդհանուր չափը՝ 48 միլիոն դրամ: Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար տուգանվել է 43 քաղաքացի եւ 129 պաշտոնատար անձ, գանձված գումարի չափը՝ 5 070 000 դրամ:

67 արտադրական վտանգավոր օբյեկտի տրվել են կարգադրագրեր՝ առկա թերությունները վերացնելու համար:

Բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի եւ դրանց վտանգավոր հետեւանքների մասին իրազեկվածության ապահովման նպատակով մշակվել եւ ռիսկային համայնքների բնակչությանը տրամադրվել են ուղեցույց-հիշեցումներ, ահազանգող պաստառներ՝ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման եւ հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Անտառամերձ, բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից եւ ռիսկային համայնքների ղեկավարների, վարչակազմի ու բնակչության հետ անցկացվել են պարբերական հանդիպումներ:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ստուգաթերթերով, ռիսկի վրա հիմնված ստուգումներ են իրականացվել 147 օբյեկտում: Հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 708 օբյեկտ (գազալցակայաններ, բժշկական կենտրոններ, մանկական ճամբարներ, Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 38 օբյեկտ): Դրանց արդյունքում տնտեսվարող սուբյեկտներին հանձնվել են կարգադրագրեր, որոնցում նշվել են պարտադիր կատարման ենթակա միջոցառումները եւ կատարման ժամկետները:

 

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն