Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայ փրկարարները հիացել են Սանկտ-Պետերբուրգով եւ օգնել տեղի փրկարարներին (լուսանկարներ)

Հայ փրկարարները հիացել են Սանկտ-Պետերբուրգով եւ օգնել տեղի փրկարարներին (լուսանկարներ)

1948
Տարածել

Փետրվարի 26-ից ապրիլի 14-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության չորս աշխատակից՝ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ,  փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման բաժնի արձագանքման խմբի պետի տեղակալ, փ/ծ մայոր Էմիլ Ավետիսյանը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հակոբյանը եւ Կոտայքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը, եղել են Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, քննարկել մի շարք հարցեր, որոնցից գլխավորը՝ խաղաղից ռազմական դրության անցնելու ժամանակ փրկարար ուժերի գործողությունները։

Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը ծանոթացել է քաղաքի խոշոր հատուկ օբյեկտների հակահրդեհային վիճակին, այցելել նավթամշակման պահեստարաններ, հրշեջ-տեխնիկայի եւ մարտական հագուստի արտադրամասեր։ «ՍՈՊՈՏ» գործարանում արտադրում են նախատիպը չունեցող չոր փրփրահեղուկ, որոնք նախատեսված են հեղուկ վառելիքի պահեստների, անտառների եւ այլ մեծամասշտաբ հրդեհները մարելու համար։ Այս նյութը կանխում է կրակի տարածումը, հեշտ է ինքնաթիռով տեղափոխելու համար։ «Մեր ղեկավարությանը առաջարկել ենք ձեռք բերել «Խուլիգան» անունը կրող բազմաֆունկցիոնալ հրշեջ- կացիններ՝ նախատեսված փակ դուռ եւ պատուհան բացելու, պատ քանդելու եւ ապամոնտաժման աշխատանքների համար։ Հանդիպել ենք նաեւ հրշեջ ծառայության ոլորտում ներդրում ունեցող գյուտարարների, ծանոթացել վերջին նորամուծության՝ գրպանի ճնշումային կրակմարիչի օգտագործմանը»,- մանրամասնեց փոխգնդապետը։

Փրկարարներն առժամանակ հանգրվանել են Սանկտ Պետերբուրգի Հակահրդեհային ծառայության պետական ինստիտուտում, որտեղ սովորում է 1500-2000 ուսադիր կրող ուսանող։ Դավիթ Գրիգորյանը զարմանքով նկատեց՝ զինվորական աղջիկներին հատուկ հրամանատարական դիրք էր շնորհված, նրանց վարսերին ամրացված կարմիր, կապույտ, նարնջագույն ժապավենները խորհրդանշում էին տարբեր մասնագիտություններ։ «Ամեն առավոտյան ուսանողները շարվում էին մարտական պատրաստության, գազայրիչներն ու բահերն առած՝ գնում շրջակա ձյունը մաքրելու։ Ինստիտուտը նաեւ մարզասրահ ուներ, որտեղ պարբերաբար պարապմունքներ էին ընթանում։ Կարծում եմ՝ այս մոտեցումը ճիշտ է․ փրկարարը պետք է կիսով չափ բժիշկ, կիսով չափ՝ մարզիկ լինի։ Ինքներս մասնակցեցինք առաջին օգնության դասընթացի»,- ասաց նա։

Հատկապես ուշագրավ էր ինստիտուտին պատկանող, հատուկ գույքով հագեցած վարժահրապարակը, որտեղ անցկացվում են բոլոր գործնական միջոցառումները՝  պայմանական վթարների սպասարկում, փլատակներից եւ լաբիրինթոսներից տուժածների դուրսբերում, ձիերով փրկարարական աշխատանքներ։

Հայաստանի փրկարարները Սանկտ-Պետերբուրգի փրկարարների հերթական վարժանքի ժամանակ «թերացումներ» էին գտել եւ խորհուրդ տվել հատկապես ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ առաջնահերթ կարեւորել տուժածի կյանքը, նրան հնարավորինս արագ անվտանգ վայր տեղափոխել։ Միջազգային մրցույթի պատրաստվող ռուս հատուկջոկատայինները շնորհակալություն էին հայտնել գործընկերներին իրենց ուղղորդելու համար։

Մեր փրկարարներին հնարավորություն էր ընձեռնվել նաեւ լողավազանում նախապատրաստական պարապմունքներից հետո առաջին անգամ հատուկ հանդերձանքով սուզում կատարել Լենինգրադի շրջանին հարակից Կարելիա Հանրապետությունում տեղակայված Լադոժսկոյե լճում: Հայ փրկարարները ջրի տակ ոչ միայն խորտակված նավ էին հայտնաբերել, այլեւ հրաշակի բուսական աշխարհ։ Խոստովանում են՝ խորությունը հաղթահարելի էր, դժվար էր միայն փետրվարյան ցրտին դիմանալը․ «Սանկտ Պետերբուրգում հեղեղներն առաջնային խնդիրն են։ Կան հատուկ փրկարարներ եւ ջրասուզակներ, որոնց ֆինանսավորում է քաղաքապետարանը։ Նրանք շուրջօրյա ռեժիմով վերահսկում-հերթապահում են գետերի ափերին, այցելուներին եւ ձկնորսներին զգուշացնում հալոցքի շրջանում վտանգների մասին»։

Տպավորիչ էր այցելությունը Հրդեհային պահպանության թանգարան, հրդեհների պատճառաբանության վերլուծության լաբորատորիաները եւ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վայրերից մեկը՝ «Սանկտ Պետերբուրգ» նորակառույց մարզադաշտը, որտեղ փրկարարները ծանոթացել են հրշեջ-տեխնիկային, գույքին, տարհանման պլաններին:

Գործնականից զատ՝  հաջողվել էր նաեւ քաղաքի տեսարժան վայրերով շրջել՝ «Ավրորա» նավ-թանգարան, C-189 սուզանավ-թանգարան, «Էրմիտաժ» պատկերասրահ եւ դրա մաս կազմող «Ստարայա Դերեվնյա» ֆոնդերի պահպանման  եւ վերականգնման կենտրոն, Կազանի Աստվածամոր տաճար, 1771 թ․ հիմնադրված Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, «Լիցեդեյի» մնջախաղի թատրոն, Ֆիննական նեղուցին հարակից ստորջրյա ավտոճանապարհ եւ այլն։ «Զավեշտալի դեպքեր շատ են եղել։ Երբ «Էրմիտաժում» հարց բարձրացրինք՝գիտեք, թե ինչու էր երկու մետրից ավելի հասակ ունեցող Պյոտր Առաջինը միշտ ձեռնափայտ կրում, անտեղյակ աշխատակիցը զարմացավ, որ այդչափ ծանոթ ենք ռուս ժողովրդի պատմությանը։ Նրանց համար բացահայտում էր, որ բարձրահասակ Պյոտրը ոտքի փոքր չափս ուներ եւ այդ պատճառով դժվարանում էր քայլել»,- կատակով վերհիշեց Դավիթ Գրիգորյանը։

Փրկարարներին հիացրել էր քաղաքային իշխանությունների եւ քաղաքացիների՝ ամեն հնություն պահպանելու, թանգարանի վերածելու նախաձեռնողականությունը՝ այդպիսով գրավելով մեծաթիվ զբոսաշրջիկների։ Թիմը Հայաստան է վերադարձել հավաստագրերով եւ դիպլոմներով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ