Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում է եւս 15 փրկարար (լուսանկարներ)

Վերապատրաստվում է եւս 15 փրկարար (լուսանկարներ)

1186
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանով հաստատվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայողների վերապատրաստման պլանը: Նախատեսված է 24-160 ժամանոց 12 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 250 փրկարար:

Մինչ օրս անցկացվել է 4 դասընթաց, մասնակցել է 60 փրկարար: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով, ապրիլի 30-ից մայիսի 7-ը «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» թեմայով վերապատրաստման դասընթաց կանցնեն Հայաստանի Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ ընդամենը 15 հոգի: Այս փրկարարները տեղական արագ արձագանքման թիմերից են: Դասընթացն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG) չափանիշներով: Փրկարարական տեխնիկական միջոցները մշտապես կատարելագործվում են եւ որոնողափրկարարական թիմերի թիմերի պատրաստվածությունը, փրկարարների գիտելիքները մշտապես համալրվելու, կատարելագործելու կարիք կա, աշխատանքների արդյունավետությունը եւ անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական վարժություններ: Թեմաներն են «Վթարափրկարարական աշխատանքներում կիրառվող տեխնիկական միջոցներ եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Մեխանիկական, էլեկտրական, ներքին այրման շարժիչով, պնեւմատիկ, հիդրավլիկ գործիքներ եւ սարքավորումներ», «Անվտանգության կանոնները վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով աշխատելիս», «Վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով փրկարարական աշխատանքների կազմակերպում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ