Գլխավոր Նորություններ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՍԻՐՈՎ ՈՒ ԵՐԳՈՎ

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՍԻՐՈՎ ՈՒ ԵՐԳՈՎ

908
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն ապրիլի 7-ին  բոլոր ժամանակների լավագույն քնարերգակների տողերով մեծարեցին հայ կնոջն ու մայրերին. նրանք կյանքի «անկյունաքարն» են, սիրո ակունքը, որը դուրս է «խաղի կանոններից»:

Ազգագրական պարերով հանդես եկավ «Միլեն շոու-բալետ» պարային համույթը, իսկ հատուկ հյուր, դերասանուհի Տաթևիկ Գրիգորյանը կիթառով կենդանացրեց հախվերդյանական երգերը: Միջոցառմանը համ ու հոտ հաղորդեց գյումրվա հումորը:

Երկրորդ կուրսի ուսանողուհի Նելլի Շաղբաթյանը ներկաներին զարմացրեց իր կատակ պարով, որում աղջիկը վրաց տղամարդու էր մարմնավորում: Նշում է՝ փորձարկումներից չի վախենում: «Մինչ ակադեմիա ընդունվելը Վանաձորում 12 տարի երգի և պարի եմ հաճախել: Այստեղ ջերմ ընդունելության արժանանալով` որոշեցի շարունակել իմ նախասիրություններին հետևել: Սա է իմ աշխարհը»,- ասում է Նելլին:

Երիտասարդ դերասանուհի Տաթևիկ Գրիգորյանն անկեղծանում է՝ տարիների հետ հասկացել է, որ կյանքում մորից թանկ մարդ չկա: Մայրությունն է մարդկության պատմության ամենահետաքրքրական երևույթը, մոր և երեխայի կապը ոչնչով չես փոխարինի:

Իր ամեն երգը մի պատմություն է, սիրո մի դրվագ, սեր դեպի մայրը, հայրենիքը, կյանքը: Ի վերջո, չէ՞ որ ամեն բան անիմաստ է առանց սիրո:

Նշենք, որ այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակը ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանն էր՝ բուհի մշակութային կյանքի պատասխանատուն:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ