Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 364 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Գրանցվել է 124 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:
Փրկարարները 129 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ:
Այլ կանչեր. Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գոգոլի փողոցում՝ կամրջի մոտակայքում, 77-ամյա պապիկը բարձրացել է բլրի վրա եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները իջեցրել են պապիկին: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աչաջուր համայնքի 16-ամյա մի բնակիչ երեկոյան տանից դուրս է եկել այգի գնալու նպատակով եւ չի վերադարձել: Հրշեջ-փրկարարները, ոստիկանները, Աչաջրի բնակիչները կորածին որոնել են ամենուր: Ահազանգ ստանալու հաջորդ օրը պարզվել է, որ տղան Հաղթանակ գյուղի իր ազգականների տանն է:
Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի թունելներում», «Տարհանում եւ հրդեհաշիջում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: