Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 599 կանչի են արձագանքել

Փրկարարները 599 կանչի են արձագանքել

3233
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 599 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 222 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 164 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի ՝ Կենտրոն, Ավան, Էրեբունի, Դավիթաշեն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 36 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 18 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 11 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 15 մարդ:

Հրդեհների կանխարգելման նպատակով փրկարարները հրդեհային անվտանգության բնագավառում բնակչության վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են իրականացրել եւ հերթապահել անտառային եւ բուսածածկ տարածքներում:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքները բենզալցակայանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: