ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ UNICEF-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) մեկնարկել են եռամյա համագործակցության ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքներին և երիտասարդներին՝ դառնալու կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի դիմակայուն:
Նախատեսվում է՝
- սերտ համագործակցություն գերատեսչությունների, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող ռազմավարությունն ավելի երեխայակենտրոն և դեռահասների կարիքներին հարմարեցված դարձնելու համար,
- խոշորացված համայնքների կարողությունների զարգացում՝ կլիմային առնչվող գործողություններում ներառվելու և ռիսկերը կառավարելու համար,
- դեռահասների ներգրավում գործընթացին։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնիի խոսքով՝ կլիմայի փոփոխության հետևանքով եղանակային ծայրահեղ դրսևորումները, աղետների հաճախականությունն ու սրությունը, ինչպես նաև շրջակա միջավայրին վերաբերող ռիսկերը լուրջ սպառնալիք են Հայաստանում երեխաների հիմնարար իրավունքների և բարեկեցության համար։ Հայաստանը 2023 թվականին ստորագրել է «Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին» միջկառավարական հռչակագիրը, ինչով ստանձնել է պարտավորություններ կլիմային առնչվող քայլերի իրականացման համար։ Նոր ծրագրի շրջանակում ուսումնասիրվելու են կլիմայի փոփոխություններով պայմանավորված հիվանդությունները, մշակվելու է կլիմայի և աղետների ռիսկի գնահատման միասնական մոդել:
Հայաստանի շուրջ 300 բնակավայր ընդգրկող 20 խոշորացված համայնք հնարավորություն կունենա իրականացնել կլիմայական ռիսկերի գնահատում և արձագանքել հայտնաբերված խոցելիության գործոններին՝ համայնքների զարգացման ծրագրերի և բյուջեի շրջանակում։ Տեղական մակարդակում կկազմակերպվեն կլիմայի փոփոխությանը վերաբերյալ կրթական դասընթացներ, դեռահասներն ու երիտասարդները հանդես կգան կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելուն ուղղված նորարարական լուծումներով և նախաձեռնություններով:
33 համայնքի ավելի քան 400 ուսուցիչ կզարգացնի իր կարողությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագծային ուսուցման շրջանակում, կիրականացվի ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագիծ 2015 սովորողի ջանքերով։ Նախատեսվում է կլիմայի փոփոխության մասին կրթությունը ներառել նաև ազգային ուսումնական ծրագրերում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ԱԶԳ համագործակցության նախորդ ծրագրերից է «Երեխաները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի շրջանակում արդեն գնահատվել են 31 խոշորացված համայնքի կլիմայական ռիսկերը՝ հաշվի առնելով երեխաների կարիքները։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքէջից