Գլխավոր Վերլուծություն «6-ՐԴ ՀԱՐԿ»․ ՖԻԼՄ՝ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«6-ՐԴ ՀԱՐԿ»․ ՖԻԼՄ՝ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

595
Տարածել

Այս տարվա Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվեց ռեժիսոր Մարիաննա Մովսեսյանի «6-րդ հարկ» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին միայնակ տարեց կին է, որը ոտքը վնասելու պատճառով արգելափակվում է տանը, և հարևանները ստիպված են լինում զանգահարել 911։

Զրուցել ենք հեղինակի հետ։

-Մարիաննա՛, ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը։ Կա՞ նախապատմություն։

-Այո՛, ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Կերպարների մեծ մասը հենց մեր շենքում է բնակվում։ Փրկարար ծառայություն ահազանգել էին ընտանիքիս անդամները։ Նրանք այնքան պատկերավոր պատմեցին կատարվածի մասին, որ որոշեցի անպայման դա վերարտադրել ֆիլմում։

Սցենարը գրել եմ հարազատներիս ու հարևաններիս հետ միասին, քննարկել ենք ամեն մանրուքը՝ ինչպես է տեղի ունենում արձագանքումը, երբ ժամանեց փրկարարը, ինչ գործիքներ էր բերել իր հետ, ինչպես էր զրուցում տուժածի հետ և այլն։ Աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի հնարավորինս իրականին մոտ։

Սա իմ առաջին փորձն էր տրագիկոմեդիա ժանրում։

-Հիմնական ասելիքը ո՞րն է։

-Բազմաբնական շենքերում հաճախ հանդիպող իրավիճակ է՝ երբ ինչ-որ արտասովոր բան է լինում, միանգամից բոլորն իրար գլուխ են հավաքվում։ Ոմանք գալիս են՝ հետաքրքրությունից դրդված, մյուսները՝ օգնության ձեռք մեկնելու։ Հարեհասությունը մեր ազգային գծերից մեկն է։ Ինչքան էլ մենք տարբեր հայացքներ ու խառնվածքներ ունենանք, դժվար պահին միշտ իրար կողքի ենք կանգնում։

Իրականում, դռան փականը բացելու ողջ գործընթացը երկար է տևել։ Ֆիլմում փորձել եմ պահպանել այդ ժամանակը։ Եվ աստիճանաբար մենք տեսնում ենք, որ հավաքվածները մոռանում են, թե ինչ է կատարվում, զրուցում են այլ թեմաներից, միասին խաչապուրի ուտում (ծիծաղում է՝ հեղ․)։ Հանդիսատեսը սկսում է նոր հերոսների հետևել։

-Ի՞նչ դժվարություններ են եղել ֆիլմի ստեղծման ընթացքում։

Ամենամեծ խնդիրն այդքան մեծ թվով անձնակազմը մեկ տեղում հավաքելն էր։ Ֆիլմում 8-10  կերպար է ներգրավված։ Պրոֆեսիոնալ դերասանները երեքն էին՝ Արտյոմ Ազարյանը, Լուսինե Ավանեսյանն ու Լիլիթ Թոխատյանը։ Մյուսները հարազատներս էին։  Հետաքրքրական է, որ այս ֆիլմի միջոցով բացահայտեցի նրանց թաքնված տաղանդները։  Օրինակ՝ տատիկիս քույրը, որը դերասանական կրթություն չունի, այնքան լավ խաղաց, որ նրան սկսեցին դերեր առաջարկել տարբեր ուսանողական ֆիլմերում։ Այս տարիքում նա նոր հոբբի, ինչու չէ՝ նոր մասնագիտություն գտավ։

Զավեշտալի պատմություն եղավ նաև փրկարարի կերպարի հետ կապված։ Նկարահանման համար մեկ օր ունեինք, իսկ փրկարարի դերակատար դեռ չէի գտել։ Հասկանում էի, որ ֆիլմս ամբողջությամբ կձախողվի։ Սրտնեղած մտնում եմ տուն, տեսնեմ՝ ամուսինս, փրկարարի համազգեստը հագին, սափրվում է։ Դե գիտեինք, որ փրկարարը չի կարող առանց սափրվելու աշխատանքի ներկայանալ։  Ուրախությանս չափ չկար․ ամուսինս ինձ ուղղակի «փրկեց» (ծիծաղում է՝ հեղ․)։

 -Ի՞նչ պլաններ ունեք՝ ֆիլմի հետ կապված։

— Ցանկանում եմ ներկայացնել փառատոններում, լսել հանդիսատեսի և մասնագետների կարծիքները։

Այս ֆիլմից հետո հասկացա, որ բազմաբնակարան շենքերում մարդկանց առօրյան ու կենցաղը շատ հետաքրքիր են և չլուսաբանված։ Պետք էր տեսնել, թե ինչպես էին ողջ շենքի բնակիչները հավաքվել նկարահանման հրապարակում։ Եթե թաքնված տեսախցիկ լիներ, կստացվեր մի ուրիշ կինո։

 

Հ․Գ․ Գովելի է, որ փրկարարի աշխատանքն արժևորվում է և ֆիլմի հիմք դառնում։ Փոխվում են համակարգերը, համազգեստները, բայց նույնն է մնում նրա առաքելությունը՝ փրկել մարդկային կյանքեր։

Ֆիլմի թրեյլերը՝ այստեղ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՄԱՐԻԱՆՆԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ