Հայաստանը համարվում է սեյսմոակտիվ գոտի, և երկրաշարժերը բնորոշ երևույթ են մեր երկրի համար։ Այդուհանդերձ Սպիտակի երկրաշարժի հետ կապված գենետիկ հիշողությունը, ինչպես նաև վերջին տարիներին տարածաշրջանում գրանցվող սեյսմիկ իրադարձությունները մեծ ազդեցություն են թողնում մարդկանց հոգեկան առողջության վրա։
Ամենահաճախ հանդիպող երևույթի՝ հետտրավմատիկ սթրեսի մասին զրուցել ենք ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ, հոգեբան Սյուզաննա Կակոյանի հետ։
-Ի՞նչ է հետտրավմատիկ սթրեսը, և որքանո՞վ է այն պայմանավորված արտակարգ իրավիճակներով։
-Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտում եղած մարդիկ ձեռք բերեցին հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ։ Դրանց առաջացման պատճառը պայմանավորված է նրանով, որ արտակարգ իրավիճակները, օրինակ՝ երկրաշարժը, վթարները և այլն, միշտ չէ, որ կանխատեսելի են ու վերահսկելի, և կարող են ունենալ լուրջ հոգեբանական ազդեցություն՝ հատկապես, երբ մարդը պատրաստված չէ դրանց դիմակայելուն։
Սուր տրավմատիկ բնույթ կրող իրավիճակներից հետո մարդը մեծամասամբ չի ցանկանում խոսել կամ մտածել եղածի մասին, այլ փորձում է իմաստավորել կատարվածը: Այդ պրոցեսի սկզբնական շրջանում ձևավորվում են կպչուն մտքեր՝ կապված հոգետրավմատիկ իրավիճակի հետ, իսկ որոշ ժամանակ անց ցանկություն է առաջանում բոլորին պատմել պատահածի և ապրումների մասին: Նրանք, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակներում, կորցնում են վստահությունը մարդկանց և կյանքի նկատմամբ, ինչի հետևանքով նրանց համար դժվարանում է հարաբերություններ հաստատելու գործընթացը:
-Որո՞նք են հիմնական ախտանիշները։
-Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն առանձնացնում է հետևյալ ախտանիշները՝ հիշողություններ, քնի խանգարումներ, հուզակամային դրսևորումներ, տագնապային վիճակներ և ագրեսիվ հակազդումներ։
Հիշողությունների տեսակ են՝
- Կպչուն հիշողությունները, երբ մարդն անընդհատ հիշում է հոգետրավմատիկ իրավիճակը․
- Խուսափումը հիշողություններից (տարելիցի համախտանիշ), երբ հոգետրավմատիկ իրավիճակից որոշ ժամանակ անց, օրինակ, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, մարդն ամբողջովին հիշում և վերապրում է հոգետրավմատիկ իրավիճակը․
- Հետադարձ կայծ (flashback)՝ տեսողական պատկերներ, որոնք ժամանակ առ ժամանակ տեսնում է մարդը: Պատկերները կապված են հոգետրավմատիկ իրավիճակի հետ:
Քնի խանգարումներից են՝
- Անքնությունը, որի հիմքում, որպես կանոն, ընկած է հոգեբանական վախը, որ քնելու դեպքում այդ իրավիճակը կամ նմանատիպ որևէ իրավիճակ կարող է կրկնվել․
- Լավ, բայց ընդհատվող քունը,
- Մղձավանջային երազները, որոնց բովանդակությունը կապված է արտակարգ իրավիճակի հետ։
Հուզակամային դրսևորումներից են՝
- Տրամադրության անկումը,
- Շարժողական և մտքի արգելակումը,
- Անտարբերությունը, հետաքրքրությունների կորուստը՝ աշխատանքային գործունեության, սեփական անձի, ընտանիքի անդամների, սեռական կյանքի և այլնի հանդեպ,
- Իռացիոնալ մեղքի զգացումը՝ ինքն իրեն անհիմն մեղավոր համարելը։
Տագնապային վիճակներ են՝
- Ընդհանուր տագնապը, երբ մարդը չգիտի՝ ինչից է վախենում, բայց առկա է չհիմնավորված տագնապ և լարվածություն,
- Գերարթուն հակազդումը, երբ մարդն անընդհատ պատրաստակամ և գերլարված վիճակում է գտնվում։ Սա կարող է ֆոբիայի առաջացման պատճառ լինել, որը պայմանավորված է առավելապես իրավիճակով, քան անձով։
Ագրեսիվ հակազդումներից են՝
- Դյուրագրգիռ, ջղաձիգ վարքը,
- Աուտոագրեսիան (ագրեսիա՝ ուղղված սեփական անձին),
- Հետերոագրեսիան (ագրեսիա՝ ուղղված այլ մարդկանց),
- Հիպնոգոգիկ կերպարները՝ ցնորք,
- Զառանցանքը։
-Ընդհանուր առմամբ՝ հետտրավմատիկ սթրեսը կարո՞ղ է անձի էության փոփոխության պատճառ դառնալ։
-Այո՛, տրավմատիկ սթրեսը պարտադիր փոխում է մարդուն․ այն կա՛մ տանում է զարգացման, կա՛մ հոգեբանական խանգարումներ է առաջացնում: Այն կարող է արտահայտվել անմիջապես տրավմայից հետո, ինչպես նաև հանդես գալ հետաձգված: Հանգեցնում է մարդու արժեքային համակարգի վերարժևորմանը: Այս պարագայում իհարկե պետք է հաշվի առնել անձի անհատական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-դեմոգրաֆիական առանձնահատկությունները:
-Ի՞նչ է խորհուրդ տրվում արտակարգ իրավիճակներից, մասնավորապես՝ երկրաշարժից հետո հետտրավմատիկ սթրեսին դիմագրավելու համար։
-Սպիտակի երկրաշարժի դասերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ չափազանց կարևոր էր մարդկանց իրազեկվածությունը և պատրաստվածությունը, ինչը, ցավոք, այն ժամանակ չկար։ Պատճառներից մեկն էլ դա էր, որ մենք ունեցանք նման հետևանքներ, այդ թվում՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով տառապող բազմաթիվ մարդիկ: Շատ կարևոր է, որ մարդն իմաստավորի կատարվածը և աստիճանաբար ներառի այն իր կյանքում: Հարկավոր է մարդուն հասցնել այն գիտակցմանը, որ նա ոչ միայն տուժած է, այլև՝ փրկված:
Երկրաշարժի բացասական ներգործությունը թուլացնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական պատրաստվածության բարձրացում, հոգեկան կայունության ձևավորում, կամային որակների զարգացում, տեղեկացվածության անհրաժեշտ մակարդակ: Այս ամենի արդյունքում կունենանք պատշաճ հոգեբանական պատրաստվածություն և արտակարգ իրավիճակները հաղթահարելու նախադրյալներ։
Իսկ եթե արդեն ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, անհրաժեշտ է հոգեթերապևտիկ միջամտություն։
Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ համացանցից