«Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեշնլ» (Save the Children International) կազմակերպությունը հուլիսից մեկնարկել է «Արտակարգ իրավիճակների պատրաստվածության պլանավորում» թեմատիկայով եռամսյա ծրագիր, որն ուղղված է ճգնաժամային իրավիճակներին դիմագրավելու գործում տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը։
Կազմակերպության ներկայացուցիչ, արտակարգ իրավիճակների պատրաստվածության պլանավորման խորհրդատու Գուրամ Մատիաշվիլիի խոսքով՝ 2023 թ․ սեպտեմբերից մինչև 2024 թ․ մայիս Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականներին հումանիտար աջակցության ծրագրի շրջանակում պարզ է դարձել, որ Հայաստանի ՀԿ-ները քիչ փորձառություն ունեն հնարավոր ճգնաժամերի դեպքում գործողությունները ժամանակին պլանավորելու և արձագանքում կազմակերպելու հարցում։
Ի սկզբանե ծրագրում ներգրավված էին միայն «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ները։ Հետագայում այս թիվն ավելացել է։ «Աջակցելու ենք Սյունիքի և կենտրոնական մարզերի 10 կազմակերպության՝ կազմելու «Արտակարգ իրավիճակների պատրաստվածության» իրենց պլանը։ Համագործակցում ենք համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի նրանք իրենց աղետների ռիսկի կառավարման պլանում հաշվի առնեն նաև ՀԿ-ների ներուժը։ Արդեն իրականացվել են երկօրյա աշխատաժողովներ ծրագրի մասնակից ՀԿ-ների հետ։ Այժմ մեր փորձագետի աջակցությամբ նրանք մշակում են իրենց ԱԻՊ պլանները»,- ասաց Գ․ Մատիաշվիլին։
Ծրագրի արդյունքների ամփոփմանը կանդրադառնանք սեպտեմբերին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից