Գլխավոր Միջոցառումներ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

837
Տարածել

   Օրերս Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում ամփոփվեց ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից իրականացվող պատանի հրշեջ-փրկարարների 9-րդ մարզական առաջնությունը։ Հանրապետական փուլ էր անցել 12 հավաքական թիմ, 2-ը՝ Երևանից, 10-ը՝ մարզերից։

   12-17 տարեկան աշակերտները մրցեցին հետևյալ վարժություններում՝

  • պտտաձողի վրա ձգում կախ դրությունից,
  • հրում հատակին պառկած դրությունից,
  • փոխանցումավազք,
  • մարտական հագուստ-հանդերձանքի կրում,
  • համալիր վարժություն:

   Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերի պատանի հրշեջ-փրկարարները գրավեցին  համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը։ Հավաստագիր տրվեց նաև առանձին մրցաձևերում աչքի ընկած թիմերին։ ՃԿՊԱ ուսանողները փոխանցումավազքի արդյունքներով երրորդն էին։

   Կոտայքի մարզի հավաքական թիմն արդեն երկրորդ տարին առաջատար է։ Մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանի խոսքով՝ հաջողության գաղտնիքը պարզ է՝ նվիրվածությունն ու փրկարարական գործի հանդեպ հետաքրքրությունը։ Հավաքական թիմը ձևավորել են դպրոցների լավագույն աշակերտներից․ շատերը նույնիսկ «կռիվ են տվել» պահեստային կազմում ընդգրկվելու համար։ Զինղեկներն ու ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները փրկարարներին հավասար աշխատել են նախապատրաստական փուլում, անձնական մեքենայով երեխաներին հասցրել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացվում էին պարապմունքները։ «Երբ մեր պատանիներն առաջին անգամ ջոկատում ծանոթանում էին փրկարարի աշխատանքին, նրանց աչքերում կրակ կար, սովորելու մեծ միտում։ Նրանք ոչ միայն ֆիզիկական, այլև մարդկային բարձր որակներ ու դաստիարակություն ունեն»,- հավելեց Ս․ Ստեփանյանը։

   9-րդ դասարանցի Ալինա Գրիգորյանը Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցից է։ Մանուկ հասակից հետաքրքրվել է սպորտով։ Երբ դպրոցի զինղեկը նրան ընդգրկեց թիմում, ոգևորությունն ավելի մեծացավ։ Պատանի հրշեջ-փրկարարների առաջնության տարածքային փուլում առաջատարն էր վազք մարզաձևից։

   Մրցույթն իրեն տվել է նոր ընկերներ, ինքնավստահություն, նույնիսկ մասնագիտության ընտրության հարցում է կողմնորոշվել՝ հրշեջ-փրկարար է դառնալու։ Պատրաստվում է դիմել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՆԳՆ փրկարար ծառայության