Գլխավոր Վերլուծություն «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ»․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ»․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

778
Տարածել

   Մայիսի 14-15-ը ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմատիկայով վերապատրաստման դասընթաց՝ գերատեսչություննների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային կապերի պատասխանատուների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Դասընթացն իրականացվում էր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ՝ JICA) հետ համատեղ՝ «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակում։

   Նպատակն էր ճգնաժամային հաղորդակցության ոլորտում ստեղծել տեղեկատվություն կրողների ու տարածողների միջև արդյունավետ համագործակցություն, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում ճիշտ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին տարածել թիրախային ուղղություններով, մշակել հաղորդակցության տարբեր ուղիներ, շահել բնակչության վստահությունն ու ապահովել պաշտպանվածությունը, կանխել խուճապը, մեղմել ճգնաժամի ազդեցությունը։

   Ներքին գործեր նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը նշեց՝ դասընթացից ձեռք բերված գիտելիքն ու փորձը կնպաստեն ԱՌԿ ոլորտում կապերի, հմտությունների ստեղծմանն ու դիմակայուն հասարակության պատրաստմանը․ «Այսօր աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ աղետներից ու պատահարներից, իսկ պետության կայուն զարգացման հիմքը ռիսկերը գիտակցող, իրազեկ ու համապատասխան հմտություններ ունեցող քաղաքացին է։ Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը»։

   ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը խոսեց նախարարության հանրային հաղորդակցության քաղաքականության ուղղությունների, փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) հետ համատեղ ուսուցողական ծրագրերի, իրականում գրանցված արտակարգ դեպքերի ժամանակ տեղեկատվության հավաքագրման խոչընդոտների ու խնդիրների, ճգնաժամային հաղորդակցության գործում շահագրգիռ կողմերի դերի մասին։ «Լրատվամիջոները սովորաբար կենտրոնանում են ճգնաժամի վրա, բայց կարևոր է նաև բնակչության ուսուցումը։ Ինֆորմացիա կրողների ու տարածողների միջև կապն ուղիղ անդրադառնում է իրավիճակի վրա»,- ասաց մամուլի քարտուղարը։

   Ներկայումս Ներքին գործերի նախարարությունը փորձում է կրթական բլոկը հասանելի դարձնել նաև տեսալսողական խնդիրներ ունեցող անձանց համար, ինչպես նաև ճգնաժամային հաղորդակցության թեմատիկայով վերապատրաստումները հասցնել մարզեր։

   ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լիանա Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ է ճգնաժամը, որոնք են ճգնաժամի փուլերը, բարձր մակարդակի սպառնալիքները, ճգնաժամային կառավարման սկզբունքները և այլն։ Մասնագետի խոսքով՝ արտակարգ իրավիճակներում լրատվությունը նման է սննդի, որը պետք է տրվի մարդկանց ժամանակին ու անհրաժեշտ քանակով։ Որքան հավաստի է լրատվությունը, այնքան արդյունավետ են մարդկային կյանքեր փրկելուն ուղղված գործողությունները։

   Բանախոսն իր երկրորդ ելույթում անդրադարձավ 2019-2023 թվականներին ՆԳՆ-ՃՄՀԳ համատեղ ուժերով մշակված ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգին։ Այս փաստաթղթով ամրագրված են հանրությանը տրամադրվող տեղեկատվության ծավալը, ճգնաժամային հաղորդակցության ոլորտում շահագրգիռ կողմերն ու նրանց լիազորությունները, մեր տարածաշրջանին սպառնացող 3 հիմնական վտանգի՝ երկրաշարժի, սողանքի ու անտառային հրդեհի ժամանակ սահմանված գործողությունները, հանրային իրազեկման միջոցառումները և այլն։

   Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին տպագրվել են աղետների լուսաբանման գրքույկ-ուղեցույցներ լրատվամիջոցների համար։ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի հրահանգիչ, փ/ծ կապիտան Աննա Հակոբյանն ուշադրություն հրավիրեց ուղեցույցում տեղ գտած լրագրողական էթիկայի երկու հիմնարար սկզբունքների վրա՝ «Մի՛ վնասիր», այն է՝ չտրամադրել չստուգված ու ոչ օպերատիվ տեղեկատվություն, աղետի ժամանակ բացառել չափազանցված ու սենսացիոն լրատվությունը, և «Մի՛ խանգարիր փրկարարական աշխատանքներին»։ Ուղեցույցում կարելի է նաև գտնել տեղեկատվություն աղետի գոտում լրագրողների անվտանգության կանոնների և առաջին օգնության տարրական հմտությունների մասին։  Ա․ Հակոբյանը հիշեցրեց, որ աղետի ժամանակ կյանքի փրկումն ավելի կարևոր է, քան լուսաբանումը։

   Երևանի պետական համալսարանի դասախոս, ԱՌՆ լրագրող Դավիթ Ալավերդյանն առանձնացրեց ճգնաժամային իրավիճակներին բնորոշ գծերը, հաղորդակցության կառավարման խնդիրները, SMM բովանդակության կարևորությունը՝ ըստ ժամանակի պահանջների․ «Այսօր մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ մարդիկ պահանջում են ինֆորմացիա հենց հիմա և ամբողջությամբ։ Չստանալու դեպքում փորձում են ճշտել ծանոթ-բարեկամից, անանուն աղբյուրներից, և առաջանում է տեղեկատվական քաոս։ Լինում  են դեպքեր, երբ գերատեսչություններն իրարամերժ տեղեկատվություն են տարածում։ Այս ամենը պետք է համակարգել՝ խուճապը բացառելու համար»։

   Լրագրողների մասնագիտական կատարելագործման մասով բանախոսը կարևորեց գերատեսչություններում հավատարմագրման ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա ապահովել երկկողմ կապ։

   Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասներ ներկայացրեց փաստերի ստուգման, սոցիալական հարթակների ալգորիթմների, ֆեյք  էջերի ազդեցության, որպես ապատեղեկատվության տարածման գործոն՝ արհեստական բանականությամբ ստեղծված մեդիակոնտենտի վտանգների մասին։

   Դասընթացին բանախոսում էին նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչներ։ Կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանն անդրադարձավ ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին, միջազգային համագործակցությանը և այլն։

   Կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոս Արամ Զաքարյանի զեկույցն աղետների լուսաբանման ճապոնական փորձի մասին էր։ Դասախոսը մատնանշեց հատկապես աղետից հետո «ապրեցնող» լրատվությունը։ «Փորձե՛ք լինել ոչ թե քարոզիչ, այլ՝ ուսուցիչ։ Ճգնաժամային լրատվությունը երբեք չի ավարտվում։ Բոլոր հնարավոր միջոցներով իրազեկում անելով՝ դուք կարող եք օգնել, որ ճգնաժամն աղետ չդառնա»,- ամփոփեց նա։

   Դասընթացի շրջանակում ցուցադրվեց ֆիլմ 2021 թվականի փետրվարի 13-ի ուժեղ երկրաշարժի, անտառային լայնամասշտաբ հրդեհների և այլ խոշոր դեպքերի ժամանակ առաջացած հաղորդակցության խնդիրների մասին, ինչպես նաև կազմակերպվեց այց ՃԿԱԿ և փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժին։

   Մասնակիցներին տրվեց հավաստագիր։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՆԳՆ ՀՀԻ վարչության