Գլխավոր Վերլուծություն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

864
Տարածել

   Ապրիլի 16-21-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվել է Կենտրոնական Ասիայում և Կովկասում երկրաշարժերի ռիսկերի նվազեցման և կառավարման տարածաշրջանային սեմինար, որին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հրավերով մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը և փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գևորգ Խունոյանը։

   Սեմինարի նպատակն էր նպաստել Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ճապոնական շահագրգիռ կողմերի միջև ընթացիկ տեղեկատվության փոխանակման գործընթացի հեշտացմանը, բարձրացնել սեյսմիկ անվտանգությունը և բարելավել պրակտիկան սեյսմակայուն շինարարության, երկրաշարժի վաղ ազդարարման և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ուսուցման կազմակերպման և մասնավոր հատվածի հետ համագործակցության ոլորտներում։

   Միջոցառման ընթացքում քննարկվել են Ալմաթիում առկա շենք-շինությունների սեյսմիկ խոցելիությունը, սեյսմիկ իզոլացման տեխնիկական հեռանկարներն ու դրա համաշխարհային փորձը, սեյսմիկ վերազինման առանձնահատկությունները, սեյսմիկ ճարտարագիտության ոլորտում հնարավոր համագործակցության ոլորտները, Ճապոնիայում և Ղազախստանում երկրաշարժերի վաղ նախազգուշացման համակարգերը, մասնավոր հատվածի հետ համագործակցության ճապոնական փորձը՝  աղետների ժամանակ կիրառվող սննդի, կենսաապահովման միջոցների կիրառման տեսանկյունից և այլն։

   Սեմինարն ինտերակտիվ էր, և բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել ոլորտում իրենց ունեցած փորձը։

   Ընդունվեց բանաձև, որով հաստատվեց սեյսմակայուն շինարարության ստանդարտների ներդաշնակեցման անհրաժեշտությունը, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրների համար մի շարք լայնածավալ վիբրացիոն-դինամիկ փորձարկումների իրականացումը՝ հիմնվելով  Ղազախստանի փորձի վրա։ Կարևորվեցին արտակարգ իրավիճակների արձագանքման համար նախատեսված և  Կենտրոնական Ասիայում հումանիտար աջակցության համակարգմանն ուղղված ռեգիոնալ կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, ռեգիոնալ վաղ նախազգուշացման համակարգի ներդրումը՝ աղետների սպառնալիքների դեպքում ինֆորմացիայի փոխադարձ փոխանակման նպատակով, սեյսմոակտիվ գոտիներում հանրության իրազեկվածության բարելավումն ու պատրաստվածության բարձրացումը և այլն։

   ՍՊՏԾ տնօրեն Սոս Մարգարյանը նշեց՝ սեմինարի ընթացքում ներկայացվել է նաև սեյսմակայուն շինարարության ոլորտում հայկական փորձն ու նոր մոտեցումները։ Դրանց կիրառումը կարող է դրական փոփոխությունների բերել շենքերի խոցելիության նվազեցման տեսանկյունից։ Քննարկվել է նաև վաղ ազդարարման համակարգերի ստեղծման գաղափարը՝ օգտագործելով հարևան երկրների սեյսմոլոգիական ցանցերի հնարավորությունները, ինչը Հայաստանի նման փոքր տարածքով երկրների համար կարող է շատ արդյունավետ լինել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սյուզաննա ԿԱԿՈՅԱՆԸ