Գլխավոր Միջոցառումներ PPRD East-3. «Վերապատրաստողների վերապատրաստում» ձեւաչափով միջազգային դասընթաց Երեւանում

PPRD East-3. «Վերապատրաստողների վերապատրաստում» ձեւաչափով միջազգային դասընթաց Երեւանում

294
Տարածել

Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում»` PPRD East ծրագրի երրորդ փուլի շրջանակում մարտի 5-6-ը Երեւանում անցկացվեց «Վերապատրաստողների վերապատրաստում» (TOT` Training of trainers) ձեւաչափով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էին արտակարգ իրավիճակների ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Մոլդովայից։ Հայաստանը ներկայացրեցին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ոստիկանության կրթահամալիրի դասախոսական անձնակազմերը։

Բանախոսներն էին Ֆինլանդիայի արտակարգ իրավիճակների ծառայությունների ակադեմիայի դասախոսները՝ հրահանգչային պատրաստության կոորդինատոր Տերո Լենդեշմեկին, հրահանգիչ Արի Կիվարին եւ կրտսեր հրահանգիչ Վեսա Կույանպեն։ Նրանք երկար տարիներ աշխատել են հրշեջ-փրկարար ծառայությունում։

Երկօրյա դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ՝ ինչպես սահմանել դասավանդման նպատակները, հնարավորինս արդյունավետ կազմակերպել լսարանի ուսուցումը՝ ներգրավելով բոլորին, ձեռք բերել ուսուցման տեխնիկական հմտություններ, դառնալ լիդեր եւ այլն։

«Ոչ ոք չի կարող հմտություն սովորել միայն դասախոսություն լսելով։ Որպես հրահանգիչ՝ մեր խնդիրն է միշտ պահել կապը իրական կյանքի հետ, ձեւավորել գործնական հմտություններ իրական դեպքերի հիման վրա։ Փորձը ցույց է տվել, որ ուղեցույցներն ու ձեռնարկները անարդյունավետ են»,- մանրամասնեց Վեսա Կույանպեն։

Ուսուցման առավել արդյունավետ մեթոդներից են տեսալսողական նյութերով ինքնուսուցումը եւ հրահանգչային ցուցադրական դասերին մասնակցելը։

Ֆինլանդիայում վաղուց հաջողությամբ կիրառվում է 4 փուլից բաղկացած ուսուցման տարբերակը՝ դիտել, լսել, սովորել եւ սովորեցնել՝ մյուսներին բացատրելով։ Վերջնարդյունքը պետք է պարտադիր լինի այն, որ ուսուցանվողը կրթի մյուսներին։

Արի Կիվարին խոսեց ընդհանուր կառավարման սխալների մասին՝ մասնավորապես անհատական եւ համակարգային մոտեցման համատեքստում․ «Շատ հաճախ անկատար համակարգն է դառնում պատճառ, որ մարդը սխալներ թույլ տա։ Անհատական մոտեցումը ենթադրում է, որ մենք փնտրում են մեղավորին, նրան պատժում ու մեկուսացնում։ Այս մեթոդը երբեք չի աշխատում․ մարդուն կարելի է փոխարինել, բայց սխալները կրկնվելու են, քանի որ համակարգն ունի բացեր»։

Հրահանգիչն առաջարկեց առաջնորդվել միայն համակարգային մոտեցմամբ՝ 5WHY` 5 ինչու-ների մեթոդով։ Առանց մեղադրելու եւ քննադատելու՝ դու մարդուն հնարավորություն ես տալիս հասկանալ ու շտկել իր սխալը։ Այս ամենն ի վերջո առաջացնում է հոգեբանական պաշտպանվածության զգացում, որը ցանկացած կառույցի, լսարանի կառավարման ուժեղ կողմն է։

Մասնագետը ասաց նաեւ, թե ինչու է կարեւոր հաջողության եւ ոչ թե սխալների վրա ռազմավարություն մշակելը՝ մատնանշելով «Safety 1, Safety 2» գրքի հեղինակ Էրիկ Հոլնագելին, որը միջավայրում անհատի պաշտպանության առումով «մշակութային փոփոխություն» է կատարել։ Ռիսկերի կառավարման ոլորտում Ֆինլանդիայում կիրառվում է ավիացիայից վերցված եռաշերտ բուրգի մեթոդը։ Ըստ դրա՝ շատ սխալներ հավանական են եւ դրանք պարտադիր կերպով աղետի չեն հանգեցնում։ Ուստի սխալները պետք է դիտարկել որպես աշխատանքային բնականոն գործընթացի մի մաս, արագ շտկել դրանք եւ կանխել հետեւանքները։

Անդրադարձ եղավ նաեւ «Շվեդական պանրի» մոդելին, որն իրենից ներկայացնում է ռիսկերի եւ վտանգների կառավարման ոլորտում սխալների շտկման մի քանի արդյունավետ քայլ։ Դասընթացը ներառում էր նաեւ մասնակիցների դասախոսական եւ գործնական հմտությունների ցուցադրում։

ՃԿՊԱ դասախոսները ներկայացրին հետեւյալ թեմաները՝ հրդեհի առաջացումն ու հրդեհաշիջման առաջնային միջոցները, կարգավար օպերատորների ուսուցման կազմակերպումը, անվտանգության մշակույթ՝ խոցելիություն, վտանգ ու կարողությունների զարգացում եւ այլն։ Գործնական մասում հայ փրկարարները ցուցադրեցին պարանային հանգույցներ եւ պատմեցին փրկարարների նախապատրաստական ծրագրում Ռոմբերգի դիրքի կիրառության մասին։ Թե՛ տեսական, թե՛ գործնական ուսուցման մեթոդաբանության համար նրանք արժանացան գովասանքի։

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով՝ իր հետագա դասապրոցեսի կազմակերպման համար պարտադիր կկիրառի 4 փուլով գործնական ուսուցումը եւ «1 լավ, 1 վատ դիտարկում» սկզբունքով դասի գնահատման մեթոդը։ Ֆին մասնագետները կարեւորել էին հատկապես հարցադրումների միջոցով ինտերակտիվ կապը լսարանի հետ, տեքստին զուգահեռ մասնագիտական ֆիլմերի ցուցադրությունը, սլայդերի ընթեռնելիությունն ու մատչելիությունը։ Մնացած առումներով դասավանդման մեթոդները գրեթե նույնն են։

Հարցին՝ որքանով էր հաջողված դասընթացը, հրահանգչային պատրաստության կոորդինատոր Տերո Լենդեշմեկին պատասխանեց․ «Իրականում մենք բավական տեղեկություն ստացանք՝ ինչպես կազմակերպել նման միջազգային դասընթացներ, հասկացանք, որ լավ չենք պատկերացնում՝ ինչպես են աշխատում մեր գործընկերները եւ ինչ թիրախներ ունեն։ Հաղորդակցման լեզուն մեկ այլ խոչընդոտ է, կան մշակութային տարբերություններ։ Եթե ես նման դասընթաց կազմակերպելու հետագա հնարավորություն ունենամ, կավելացնեմ օրերի ու մասնակիցների քանակը»։

Դասընթացի ավարտին տրվեցին վկայականներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ