Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ եւ առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել Ամանորի խորհրդանիշ տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:
Մասնավորապես.
- Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին եւ գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա:
- Մի քանի հարկանի առանձնատանը տոնածառը տեղադրեք առաջին (ծայրահեղ դեպքում` երկրորդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունի մեկից ավելի տարհանման ելք:
- Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ եւ չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը:
- Եթե եղեւնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկվել ինչպես ջահը:
- Լուսավորության համար պետք է օգտագործել 12 Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել:
- Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց եւ այլն, ինչպես նաեւ էլեկտրական լապտեր:
- Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Չի թույլատրվում`
- տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ,
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ,
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ եւ զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաեւ ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից եւ պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր,
- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով,
- միջոցառումների անցկացման սրահը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջեւ եղած հեռավորությունները, ինչպես նաեւ անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել,
- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որեւէ տեսակի գույք եւ նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:
Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրեւները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից: Չի կարելի երեխաներին թողնել տոնածառերի մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ գործողությունները.
- Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով:
- Ահազանգեք հրշեջներին եւ երեխաներին դուրս բերեք սենյակից:
- Տոնածառը շրջեք հատակին, որպեսզի կրակը չտարածվի վերեւ (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղեւնի է):
- Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում՝ այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում: Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց եւ ավազ լցրեք:
- Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը:
- Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը եւ դրսի կողմից ջուր ցանեք վրան:
- Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ երեխաների մեծ կուտակում կա, տարհանման ժամանակ հրմշտոցի հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառերի հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Ամենակարեւորը. այս կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը ամանորյա հանդիսությունների ժամանակ:
Անվտանգ Ամանոր բոլորին: