Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջի չափածո «նվերը» ընկեր հրշեջին

Հրշեջի չափածո «նվերը» ընկեր հրշեջին

930
Տարածել

Խորհրդային Հայաստանում երկար տարիներ հրշեջ աշխատած Բարսեղ Յայլոյանը վաստակած հանգստի է գնացել Երեւանի թիվ 11 ինքնուրույն ռազմականացված հրշեջ մասի պետի տեղակալի պաշտոնից: 2002 թվականին հրապարակվել է Բարսեղ Յայլոյանի «Ափսոսանքի տարիներ» բանաստեղծությունների ժողովածուն, որում կա նաեւ հեղինակի ընկերոջը՝ ռազմականացված թիվ 15 հրշեջ մասի պետի տեղակալ Մաթեւոս Պետրոսյանին նվիրված բանաստեղծություն: Վերջինս մեզ է տրամադրել այդ յուօրիինակ «նվերը»: Կարդալով բանաստեղծությունը հասկանում ես, որ ընկերոջը նվիրված սրտի սույն խոսքը հավասարապես վերաբերում է ամեն օր սեփական կյանքը վտանգելով այլոց համար անվտանգ կյանք ապահովող բոլոր հրշեջներին, փրկարարներին…

 

Քո կյանքի կեսը հրշեջ ես եղել,

Անցորդ օրերին նայել ես ուշիմ,

Վտանգի պահին միշտ քեզ ես նեղել

Ու տառապանքով փրկել ուրիշին…

Երջանկությունը կրակ է մի վեհ,

Բայց եւ մանուկ է միամիտ ու խենթ,

Երբ տարերքի մեջ դառնում է հրդեհ

Անտառ է արյում, հող ու հանդի հետ…

Գալիքի համար ինչեր չես արել,

Վտանգել ես միշտ էությունդ ջինջ,

Ճիգով ամենուր հրդեհ ես մարել

Եվ ինքդ հիմա գոհ ես քեզանից:

Արթուն ես եղել նիրհիդ մեջ անգամ

Իրիկնամուտից մինչեւ լուսաբաց,

Մոր գիրկն ես տվել օրոցքը մանկան

Քո ձեռքով սրբել արցունքը նրանց:

Միշտ երազել ես ամառ ու գարուն,

Կյանքդ անհայտ է, տառապանքդ՝ մեծ,

Հրդեհ մարողը այս շփոթ դարում,

Կռվող զինվոր է ահեղ մարտի մեջ: