Բելառուսի Բոբրույսկ քաղաքի հրշեջ ծառայության նախկին ղեկավար, Ռեչիցայից սերող Իգոր Կուզմենոկի ստեղծած թանգարանում, ի թիվս հրշեջների մասին պատմող բազմազան իրերի, տեղ են գտել Սպիտակի երկրաշարժին նվիրված երկու մետաղադրամ: Աղետի գոտում անցկացրած օրերը վերհիշելիս թոշակառու գնդապետը խոնարհում է թաց աչքերը, որոնցում, ցավին զուգահեռ, 31 տարի շարունակ ապրում են Լոռվա սառնամանիքին ճքճքացող վառարանի ջերմությունն ու մարդկային պատմությունները։
Փրկարարական աշխատանքները՝ տուժած համայնքներում
1988 թվականին սովորում էի ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի բարձրագույն ինժեներական հրդեհատեխնիկական դպրոցում։ Դեկտեմբերի 7-ին բոլորիս դահլիճում հավաքեցին եւ ասացին, որ Հայաստանում աղետ է եղել։ 150-ից ավելի սպաներիս երկու ժամ տվեցին գործուղմանը պատրաստվելու համար, հատկացրին հատուկ հանդերձանք, երեք օրվա չոր սնունդ, անկողնային պարագաներ եւ գումար։
Վնուկովոյի օդանավակայանից թռանք Երեւան, հանդիպում ունեցանք կենտրոնական հրշեջ վարչությունում, որտեղից մեզ ավտոբուսով Սպիտակ տարան։ Այդ օրը չտեսա Հայաստանի ողջ գեղեցկությունը․ եղանակը մառախլապատ էր եւ կարծես գուժում էր ողբերգության մասին։
Սպիտակ մտնելիս այն տպավորություն էր, ասես Ստալինգրադյան մարտի մասին վավերագրական ֆիլմից կադրեր էի դիտում։ Վեց օր հրշեջ-մասի տարածքում մնացինք․ փլատակների տեղափոխման հարցերով էինք զբաղվում, բեռնաթափում մարդասիրական կապոցները։ Չեմ մոռանա՝ ինչպես էինք բահերով «քերում» տասնյակ տոննա ցորենը, որ մնացել էր Սպիտակի ալրաղաց գործարանի թեքված բետոնե խողովակներում։
Ապրում էինք վրաններում, քնում երկհարկանի մահճակալների վրա։ Գիշերվա –20 աստիճան ցրտից պաշտպանվելու համար հերթափոխով փայտ ու ածուխ էինք լցնում վառարանի մեջ։ Երբ գործուղման գումարը վերջացավ, եւ այլեւս ուտելիք չունեինք, Սպիտակի հրշեջ մասի պետը՝ ճիշտ հորս նման ալեհեր ու իմաստուն մի մարդ, հրահանգեց մեզ պարկով կարտոֆիլ տալ։ Բնակելի տներում, որտեղ կյանքի համար ծանր պայմաններ էին, կանանց մեծ մասը երեխաներ էր խնամում։ Տնայցեր էինք կատարում, սովորեցնում հակահրդեհային անվտանգության կանոնները։
Շուտով մեզ տարբեր քաղաքներ ուղեկցեցին։ Կիրովականում սկսեցինք ժամանակավոր կացարաններ կառուցել։ Մեր խմբի կողքին դիրքավորվել էին նաեւ բելառուսցի շինարարներ, հրշեջներ եւ այլ մասնագետներ։ Տեխնիկա եւ գործիքներ չկային, բոլորս ձեռքով էինք աշխատում։ Փլատակներից ոչ մի ողջ մնացածի չգտանք։ Ամբողջ Խորհրդային Միությունից օգնող ուժեր էին գալիս Հայաստան։ Կիրովականն, ասես, միջազգային տուն լիներ։
Մարդիկ հաշտվեցին իրենց ճակատագրի հետ, սովորեցին մեր ներկայությանը։ Նոր տարին դիմավորեցինք վրանում՝ քառանկյուն տաք հացով եւ մեկ բաժակ օղիով։ Երբ հրշեջ մասի պետի սենյակից տուն զանգահարեցի, 1-ամյա դուստրս իր առաջին նախադասությունն ասաց․ «Հայրի՛կ, ե՞րբ կվերադառնաս»։ Փաստորեն հիշում էր, որ հայր ունի (ծիծաղում է)։
Հայի պայքարի «քարե» ուժը
Հայ կանայք, այդ հրաշք տանտնտեսուհիները․․․ Ամեն օջախ մտնելիս մեզ անուշեղեն էին հյուրասիրում։ Կիրովականում սովորեցի սուրճ եփել, ծանոթացա խաշի պատրաստման ողջ գործընթացին։
Մի անգամ հերթական տան դուռը բացեց ազգությամբ վրացի տարեց տղամարդ։ Երկար զրուցեցինք, պարզվեց՝ բանակի սպա է եղել եւ աքսորվել Սիբիր։ Այստեղ էլ սիրահարվել էր իր ապագա կնոջը։ Երբ սկսեցի բելառուսերեն խոսել, կինը լաց եղավ․ մենք հայրենակիցներ էինք, նույնիսկ՝ նույն շրջանից․ նա սպասում էր մեկին, ով կհիշեցներ իր մոռացված արմատներն ու լեզուն։
Ընկերացա կիրովականցի Արթուրի եւ նրա չորս եղբայրների ընտանիքների հետ։ Բարեկամական պինդ կապերը, սեփական ցավի մեջ դիմացինի դժբախտությունը կիսելը, սուգ պահող հայ տղամարդու չսափրվելու ավանդույթը հուզիչ էին ինձ համար։ Սկսեցի Հայաստանի եւ հայերի մասին գրքեր կարդալ՝ «Սամվելը», «Մուսա լեռան 40 օրը»․․․ Անկեղծորեն զարմանում էի՝ ինչպես են հայերը սերտել եւ մինչ օրս պահպանում իրենց բազմադարյան պատմությունը։ Փետրվարի 29-ին, երբ ողջ Կիրովականը Սումգայիթի ջարդերի առաջին տարելիցին ծաղիկներ էր խոնարհում, ես զգացի խաչքարերի իմաստն ու ուժը։
1989 թվականի մայիսին վերադարձա Մոսկվա։ Աղետի գոտում ձեռք բերած փորձն ինձ շատ օգնեց, հատկապես՝ մի գործարանում խոշոր պայթյունից հետո, որի փրկարարական աշխատանքներն էի ղեկավարում։
Հայաստանի եւ հայերի միջոցով ես ճանաչեցի ազգային մշակույթի արժեքները, մարդկային սրտաբացությունն ու հյուրընկալությունը։ Ես ճանաչեցի կյանքը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Իգոր Կուզմենոկը
Հ.Գ. Իգոր Կուզմենոկի մասին հոդված կա «Աղետ, մարդիկ, պատմություն» գրքում: Գիրքը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Հրատարակել է Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Այս տարվա սեպտեմբերին՝ երկրաշարժից 35 տարի անց, Իգոր Կուզմենոկը վերադարձավ Հայաստան, այցելեց իր հարազատ Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ, հանդիպեց 1988-ին ջոկատի պետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Դալլաքյանի որդուն՝ Լեւոն Դալլաքյանին։ Հարցին, թե ինչ է փոխվել իրեն ծանոթ միջավայրում, բելառուսցի փրկարարը ժպիտով նշում է․ «Հրշեջ մասը դրսից նույնն էր, թեեւ ներսից հրաշալի վերանորոգում էր արված, ու նոր տեխնիկա կար։ Փրկարարները՝ երիտասարդ, գեղեցիկ, ակտիվ․․․ Երբ մոտեցանք ջոկատին, սիրտս կծկվեց։ Նույն քաղաքն էր, նույն փողոցները, կարեւորը՝ մարդիկ՝ նույնքան բացսիրտ, անկեղծ, ուղղախոս ու բարին կամեցող»։