Մեր օրերում ահաբեկչությունն ու պատերազմը բնակչության անվտանգության եւ կենսագործունեության խաթարման հիմնական պատճառն են դարձել, ինչից այս կամ այն կերպ տուժում են բոլոր պետությունները: Տնտեսության եւ խաղաղության ավստրալիական ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականին երկրագնդի վրա գրանցվել է 3900-ից ավելի ահաբեկչական ակտ, որին զոհ է գնացել 6700 մարդ: Ցուցակում ընդգրկված Հայաստանի զեկույցի համաձայն՝ հարցվածների 30 տոկոսը Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնվող ռազմական գործողությունները համարում է իրենց անվտանգության առաջնային սպառնալիքը:
2017 թվականից օգոստոսի 21-ը նշվում է որպես ահաբեկչության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման միջազգային օր: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթղթում հստակ ընդգծվում է տուժածների եւ նրանց ընտանիքների աջակցության, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի ամրապնդման անհրաժեշտությունը:
Օրվա խորհուրդն ու նպատակն է հիշատակել զոհվածներին եւ օգնել վերապրածներին վերականգնել բնականոն կյանքը:
Ամբողջ աշխարհում այս օրը ՄԱԿ-ի տեղական գրասենյակներն անցկացնում են դասախոսություններ, դասընթացներ, կլոր սեղան քննարկումներ, որոնց ժամանակ պաշտոնական ներկայացուցիչները հանդես են գալիս տարեկան զեկույցներով: Կազմակերպվում են նաեւ բացօթյա ցուցահանդեսներ:
Այս տարի ՄԱԿ-ի յություբյան պաշտոնական էջում կցուցադրվի «Ժառանգություն. ինչպես գտնել հույս եւ կառուցել ավելի լավ ապագա» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է ահաբեկչությունից փրկվածների կյանքի եւ ահաբեկչական ակտերի երկարատեւ հետեւանքների մասին:
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ