Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 535 կանչի են արձագանքել

Փրկարարները 535 կանչի են արձագանքել

551
Տարածել

2023 թվականի հունիսի 19-25-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 535 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 69 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 191 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Արաբկիր, Կենտրոն, Նոր նորք վարչական շրջաններում, Արարատում, Շիրակում, Կոտայքում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 55 կանչ է ստացվել: 29 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 28 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 36 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը կարի արտադրամասում», «Հրդեհ սուպերմարկետում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը բուժհիմնարկում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը գազալցակայաններում», «Հրդեհաշիջումը կապի օպերատորի մասնաճյուղում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը», «Բնակչու­թյան ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: