Արտաքին եւ ներքին սպառնալիքները կանխելու, կանխարգելելու եւ հաղթահարելու առաքելություն ունեցող կառույցներում երկրի անվտանգության ապահովման գործին պետք է լծվեն լավագույնները, ճգնաժամային իրավիճակներում երկիրը, մարդկանց կյանքն ու ունեցվածքը փրկելու որոշում կայացնելու ունակ, համարձակ, խիզախ, անձնվեր, պատվախնդիր առաջնորդները՝ սպաները: Սպայի պատիվը բարձրագույն հոգեւոր արժեք է: Պատիվն անձնուրաց, քաջարի ծառայության մեջ է՝ հանուն պետական բարձրագույն շահերի եւ երկրի ընդհանուր բարօրության։ Պատիվն ու ծառայությունն արտահայտվում են նվիրվածությամբ, անսասան քաջությամբ, ճշմարտացիությամբ, ազնվությամբ, համեստությամբ: Փրկարար ծառայության սպան պետք է առանձնանա հետեւյալ հատկանիշներով.
Առաջնորդ
Սպան զերծ է մնում այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է ընկալվել որպես անօրինականության խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն կամ անհարգալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ, իր վարքագծով օրինակ է ծառայում եւ անձամբ պահպանում է վարքագծի այն պահանջները, որոնք ակնկալում է մյուսներից:
Բարեկիրթ
Սպան ցանկացած իրավիճակում ցուցաբերում է զսպվածություն, հավասարակշռվածություն եւ հարգալիրություն, ցանկացած իրավիճակում ցուցաբերում է զսպվածություն, հավասարակշռվածություն և հարգալիրություն, գործընկերների հետ հարաբերություններում դրսևորում է նրբանկատություն:
Բարեխիղճ
Սպան ջանասեր է, ուշիմ, արդարամիտ, իր պարտականություններն ազնվորեն եւ պարտաճանաչ կատարող:
Հավատարիմ
Սպան զերծ է մնում այնպիսի պահվածքից, որը կարող է կասկածի տակ դնել փրկարարի պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու փաստը, խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք կարող են վնաս հասցնել իր համբավին կամ փրկարար ծառայության հեղինակությանը:
Օբյեկտիվ
Սպան իր ծառայողական պարտականություններն իրականացնելիս դրսեւորում է անաչառություն, զերծ է մնում խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց:
Կարող
Սպան իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար ունի գիտելիքների, ունակությունների, հմտությունների եւ վարքագծի ողջ պաշարը:
Փրկարար սպայի յուրաքանչյուր հատկանիշ իր հերթին բաղկացած է մի շարք այլ հատկանիշներից, որոնք էլ իրենց հերթին՝ այլ հատկանիշներից: Այդպիսի բազմաբնույթ եւ բազմաթիվ հատկանիշների ձեւավորումը չի կարող լինել որեւէ կառույցի մենաշնորհ: Այն սերտորեն կապված է միջավայրի առանձնահատկությունների հետ, այն միջավայրի, որում ձեւավորվում է անձը: Հասարակության բնականոն զարգացումն ապահովվում է, եթե վերոգրյալ հատկանիշներն ու վարքագծի նորմերը յուրաքանչյուր անձի մեջ ձեւավորվում են վաղ մանկությունից, ուղեկցում են նրան ողջ կյանքի ընթացքում: Փրկարար ծառայության սպայի հատկանիշների զարգացումը պետք է լինի անընդհատ, մշտապես գերազանցի ինքն իրեն, այսինքն գործի գերազանցելիության սկզբունքով:
Հրապարակումը պատրաստվել է ՃԿՊԱ դասախոսների խմբի հեղինակած «Փրկարարական ծառայության սպայի հատկանիշների ձեւավորման հայեցակարգային հարցեր» հոդվածի հիման վրա