Գլխավոր Վերլուծություն ՌՀՄԱԿ-ում բազմաֆունկցիոնալ վարժահամալիր է կառուցվում

ՌՀՄԱԿ-ում բազմաֆունկցիոնալ վարժահամալիր է կառուցվում

525
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» շուտով կունենա բազմաֆունկցիոնալ վարժահամալիր։ 14 մետր բարձրությամբ եռահարկ շենքի շինարարությունն ակտիվ փուլում է, նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։

ՌՀՄԱԿ տնօրենի տեղակալ Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ կենտրոնի առաջին հարկում լինելու է լոգիստիկ հատվածը՝ պահեստներ, հերթապահ մաս եւ այլն, երկրորդում՝ ճաշարան, լսարաններ եւ հյուրասենյակներ՝ արտասահմանցի մասնագետների համար, իսկ երրորդ հարկում լսարաններ ու դահլիճներ՝ կոնֆերանսներ, ուսումնական միջոցառումներ անցկացնելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության» (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստում որոշվեց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» դարձնել ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն: ՌՀՄԱԿ-ը ՔՊՄԿ տարածաշրջանային միակ ուսումնական կենտրոնն է, որը զբաղվելու է հայ եւ արտասահմանցի փրկարարների վերապատրաստմամբ։

Նոր բազմաֆունկցիոնալ վարժահամալիրի կառուցումը համաֆինանսավորմամբ է․ Հայաստանը հոգում է շինարարության, Ռուսաստանը՝ տեխնիկական համալրվածության հարցը։

Բացի դրանից՝ արդեն Հայաստանում է փրկարարական մոդուլային խցիկների մի մասը, եւս 13 բեռնատար կժամանի շուտով։ Մայիսի 20-ից հետո ռուս մասնագետները կսկսեն մոնտաժման աշխատանքները, կսովորեցնեն՝ ինչպես օգտագործել մոդուլները։ Խցիկների ներսում օպերատորն ստեղծում է արտակարգ իրավիճակ՝ հրդեհ, ծխապատ գոտի եւ այլն։ Փրկարարներն ուսուցանվելու են եւ գնահատվելու՝ հստակ նորմատիվներով։ «Փրկարարի աշխատանքը սպորտ է, նա պետք է անընդհատ ֆիզիկական լավ պատրաստություն ունենա, այլ ոչ թե սպասի դեպքի։ Սա գործնական պարապմունք է, որը կօգնի կատարելագործել նրանց հմտությունները»,- նշեց Արթուր Աղաբաբյանը։ Արդեն իսկ լուծվել է նոր մոդուլների մատույցներում էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման հարցը։ Շինարարության ավարտից հետո կկառուցվի նոր ճանապարհ, տարածքը կկանաչապատվի:

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի