Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ. «Աշխատանքներ բարձրությունների վրա»

Վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ. «Աշխատանքներ բարձրությունների վրա»

300
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, մայիսի 10-20-ն անցկացվում է «Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանային համակարգերի կիրառմամբ» թեմայով դասընթաց:

Մասնակցում է 12 փրկարար ծառայող՝ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 5 եւ 7, Գավառի, Արտաշատի, Վեդու եւ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներից, փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, «Ճգնաժամային կառավարման կառավարման ակադեմիայից»։ Դասավանդում են Ռուսաստանի Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնի տնօրեն, բարձրության վրա աշխատանքների գծով հրահանգիչ Սվետլանա Չերկասովան եւ դասախոս, հրահանգիչ Մարատ Ալպարովը։ Սվետլանա Չերկասովան մեր փրկարարների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացներ է վարում արդեն երեք տարի:

«Մեր խնդիրն է փրկարարներին սովորեցնել ճոպաններով ճիշտ, գրագետ եւ անվտանգ տեղափոխվել բարձրության վրա։ 10 օրվա ընթացքում սովորելու ենք արգելքի՝ այս դեպքում հանգույցների վրայով վայրէջք եւ վերելք, մի ճոպանից անցում մյուսին, անցում միջանկյալ ամրակայման կետի եւ այլն։ Վերջական նպատակը լինելու է բարձրության վրա գիտակցությունը կորցրած փրկարարի տարհանումը առավելագույնը 10 րոպեում եւ նրան օգնություն ցուցաբերելը»,- մանրամասնում է Սվետանա Չերկասովան։

Հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության կանոնների պահպանմանը։ Ռուս փորձառու մասնագետը մեկ խորհուրդ է տալիս՝ չփորձել հերոսանալ։ Շատ հաճախ արդյունաբերական ալպինիզմով զբաղվող մարդը ժամեր շարունակ աշխատում է բարձրության վրա․ նա կարող է հոգնել, շոգի ու տապի պատճառով ունենալ արյան ճնշման բարձրացում, կորցնել կենտրոնացումը։ Կախված ֆիզիկական ծանրաբեռնավածությունից՝ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Եվ շատ կարեւոր է, որ նա գիտակցի ռիսկի իր սահմանը, ծայրահեղ վիճակում հայտնվելու պարագայում անմիջապես ընկերոջը կանչի օգնության։

Արտաշատի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Անդրեասյանը 10 տարի համակարգում է։ Միշտ հետաքրքրվում է փրկարարական ոլորտի նորություններով, ակտիվ մասնակցում դասընթացների։ Պարանային հմտությունների լավ իմացությունն իրենց գործում անհրաժեշտություն է։ Մտաբերում է նախորդ տարվա մի դեպք, երբ դժվարությամբ հաջողվել է փրկել խոր դիտահորն ընկած շանը։

ՃԿՊԱ շրջանավարտը վստահ է՝ ամեն նոր գիտելիք ավելացնում է փրկարարի պրոֆեսիոնալիզմը, ու բնավ կարեւոր չէ՝ ընդհանուր պրոֆիլի փրկարար ես, թե նեղ մասնագետ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի