ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հունվարին իրականացրել են 1745 ելք: 774 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 601՝ կենցաղային կանչ, 127՝ կեղծ ահազանգ, 243՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, կատարված ելքերի քանակը նվազել է 125-ով կամ 6,7 տոկոսով:
Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 57, տուժել` 1105 մարդ: Փրկարարները 15 մարդու կյանք են փրկել: 2022 թվականի հունվարի համեմատությամբ, նոր կորոնավիրուսային համաճարակից զոհվածերի եւ տուժածների թվաքանակի նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհվածների եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար 54-ով եւ 25586-ով:
Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2023 թվականի հունվարին, արտակարգ դեպքերի զգալի մասը` 95,1 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:
Հրդեհ
2023 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 666 ահազանգ (2022 թվականի հունվարին՝ 435 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 470 դեպքում (2022 թվականի հունվարին՝ 276 դեպք): 102 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 77 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 17 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:
Հունվարին հրդեհների 69,4 տոկոսը՝ 326 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 30,6 տոկոսը՝ 144 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 126-ով, գյուղական հրդեհներինը՝ 68-ով:
Մայրաքաղաքում գրանցվել է 140 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 90 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 10 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 60 եւ գյուղերը՝ 30: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 2 եւ Վայոց ձորի ու Շիրակի գյուղերը՝ 8-ական հրդեհ:
Հունվարին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 168 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 84, առանձնատուն՝ 58, տրանսպորտային միջոց՝ 50, բնակելի շենք՝ 26, տնակ-ավտոտնակ՝ 18, աղբ՝ 12 եւ այլն:
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ
2023 թվականի հունվարին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 345 ահազանգ են ստացել՝ 22-ով ավելի քան 2022-ի հունվարին:
Երեւանում գրանցվել է 148 ՃՏՊ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 38, ամենաքիչը՝ Տավուշը՝ 5 ՃՏՊ:
Թունավորում
2023-ի հունվարին փրկարարները թունավորումների վերաբերյալ 188 ահազանգ են ստացել: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 69, քիմիական նյութեր՝ 41, շմոլ գազ՝ 38, դեղորայք՝ 29 եւ այլն:
Երեւանում գրանցվել է 104 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 22, ամենաքիչը Սյունիքն ու Վայոց ձորը՝ մեկական:
Նոր կորոնավիրուս
2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից 2023-ի հունվարին զոհվել է 2, տուժել՝ 323 մարդ:
Այլ դեպքեր
2023 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 9 մերկասառույց, 7 փլուզում, 4 պայթյուն, 1-ական քարաթափում, նստվածք եւ այլն:
Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ