Գլխավոր Վերլուծություն Աղետի դեմ` մշակույթով․ երիտասարդ նկարչի նախաձեռնությունը

Աղետի դեմ` մշակույթով․ երիտասարդ նկարչի նախաձեռնությունը

193
Տարածել

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում մի շարք պայթյունների հետեւանքով զոհվեց 207 մարդ, 6500-ը վիրավորվեց, եղան հարյուրավոր անհետ կորածներ։ Անօթեւան մնաց մոտ 300 հազար մարդ։

Սյունեցի գեղանկարիչ Գարրի Արզումանյանն այս աղետից հետո ֆեյսբուքյան հարթակում ստեղծեց «Արվեստն արհավիրքների դեմ» (Art against disasters) խումբը, որի նպատակն է ոգեշնչել ստեղծագործ մարդկանց թե՛ նյութապես, թե՛ բարոյապես իրենց ներդրումն ունենալ աղետներից հետո հետեւանքների վերացման գործում։ «Երբ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, ամբողջ սփյուռքահայությունը, շատ օտարերկրացիներ կանգնում են մեր մեջքին: Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ հակառակը։ Ես փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը եւ ցույց տալ, որ անգամ փոքր օգնությունն էլ կարող է մեծ փոփոխության բերել»,- ասում է Գարրին։

Գաղափարը շատերին դուր եկավ, բայց գործնական քայլեր եղան միայն Սփյուռքի հայերից եւ այլազգի հավաքորդներից։ Նկարչի խոսքով՝ պետք է հասկանալ, որ միայն սպառելով ու աշխարհին ոչինչ չտալով՝ ինքդ էլ մի օր կսպառվես։

Բեյրութի դեպքերին հաջորդեցին համաճարակը, Արցախում 44-օրյա պատերազմը, եւ կտավների վաճառքից ստացված հասույթը Գարրին ու իր աջակիցները սկսեցին ուղղել հայ բարեգործական հիմնադրամներին՝ զինվորների համար պաշտպանական միջոցներ ձեռք բերելու նպատակով։ Արվեստագետի համոզմամբ՝ շատ կարեւոր է այն փաստը, թե ինչ ես ֆինանսավորում, որպեսզի չստացվի այնպես, որ արվեստը հովանավորում է ագրեսիան եւ հարձակողական գործողությունները։

Գարրին ծնվել ու մեծացել է Կապանում։ Այսօրվա պես հիշում է Արցախյան առաջին պատերազմը, Կապանի ռմբակոծությունը։ Պատմում է՝ իրենց ընտանիքում երբեք ոչ ոք մյուսի վրա ձեռք չի բարձրացրել։ Մի օր՝ օդային տագնապի ժամանակ, ապաստարանից թաքուն դուրս էր եկել բակ՝ խաղալու։ Երբ վերադարձել էր, անորոշությունից իրեն կորցրած մայրն առաջին անգամ ապտակել էր։ Այդպես էլ մանկությունն անցավ կրակոցների տակ՝ վախով, որ հեծանիվ քշելիս լինես ու դիպուկահարը քեզ թիրախ կընտրի: Ռմբակոծությունից հետո բակի երեխաներով բեկորներ էին հավաքում, ամեն մեկը պարծենում էր իր ունեցածով․ «Պատերազմին սովորում ես։ Այսօր մենք տեսնում ենք՝ ինչպես է արցախցին պայքարում։ Նա տոկուն է, բարոյապես ավելի կայուն, քան մենք, որ սահմանից այս կողմ ենք։ Նա գիտի, որ այդ հողի վրա է կանգնելու մինչեւ վերջ»։

Նկատում եմ՝ «պատերազմական» գույներն իրենը չեն, կտավներում ամեն ինչ լուսավոր է։ Ասում է՝ դժվար ժամանակներում մարդն ավելի շատ է գույնի պահանջ զգում։

Ծովն առանձնացնում է Գարրիի սյուրռեալիստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ ջուրը միայն ֆիգուր է, այստեղ կարեւորը մարդկային զգացմունքներն են։ Առաջին ալիքները նկարել է դեռ 3 տարեկանում։ Միգուցե պատահականություն է, միգուցե՝ ոչ, բայց ինքը ծնվել է հենց նույն օրը, երբ մահացել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

Կյանքի մի փուլում նկարչությունը «փրկել է» երիտասարդի կյանքը։ Ձեռքի վնասվածքից հետո բժիշկներն անդամահատելու խնդիր էին դրել, բայց նկարչությունն օգնեց վերականգնել ձեռքի մոտորիկան, գտնել ճիշտ «արահետը»։

Այսօր Գարրին ծովանկարչության վարպետաց դասեր է տալիս, պատրաստում նոր շարք՝ կանանց նկատմամբ խտրականության թեմայով։ Նպատակ ունի ցուցադրվել Կապանի այն կրթօջախում, որտեղից սկսել է առաջին նկարչական քայլերը։

«Բոլորը խոսում են գիտելիքի, տեխնոլոգիաների ու տնտեսության մասին, բայց ոչ ոք չի խոսում մշակույթից։ Եթե այս երեքն աղյուսներ են՝ պետություն կառուցելու համար, ապա մշակույթն այդ աղյուսները միացնող ու մոնոլիտ սարքող նյութն է։ Մենք շատ տաղանդավոր արվեստագետներ ունենք, բայց պարփակված ենք մեր մեջ։ Իսկ առաջընթացը միայն այլ մշակույթներն ուսումնասիրելու ու մրցակցության մեջ է»,- համոզված է նկարիչը։

Անի ԱՆՏՅՈՆԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գարրի Արզումանյանը