Գլխավոր Վերլուծություն 2023-ին նախատեսվում է փոխարինել աննախադեպ թվով վերելակ

2023-ին նախատեսվում է փոխարինել աննախադեպ թվով վերելակ

220
Տարածել

2019 թվականից Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիր։ Մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում էր ավելի քան 40 տարի, այնինչ դրանց պիտանելիությունն առավելագույնը 25 տարի է։

Ծրագրի շրջանակում սերտ համագործակցություն է հաստատվել Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որի մասնագետների դրական եզրակացության արդյունքում է միայն վերելակը հանձնվում շահագործման։

2019-ին փոխարինվել է 20, 2020-ին՝ 500, 2021-ին՝ 54, 2022-ին՝ 467 վերելակ։ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանի խոսքով՝ ստուգում են ամեն դետալ՝ վերելակի հանգույցները, արագության կարգավորման սկզբունքները, դռների աշխատանքը եւ այլն։ Եթե վերելակն ունի տեխնիկական թերություն, որը կարող է մարդկանց կյանքին կամ անվտանգությանը սպառնալ, անմիջապես տրվում է բացասական եզրակացություն։ Եթե թերությունները շտկելի են, վերելակ տեղադրող ընկերությանը տրամադրվում է լրացուցիչ ժամանակ մինչեւ հաջորդ փորձաքննությունը։

Ծրագրի տեխնիկական կարեւոր պահանջներից է ներառականության բաղադրիչը։ Մարտին Ասլանյանը մանրամասնում է՝ տեղադրվել են բելառուսական արտադրության ժամանակակից վերելակներ, որոնք հագեցած են ձայնային, ազդանշանային, անվտանգության կանչի, տարհանման համակարգերով։ Դռները լայն բացվածք ունեն, եւ անվասայլակը կարող է հեշտությամբ ներսուդուրս անել։ Վերելակը միացված է UPS լիցքավորման համակարգի, ինչի շնորհիվ հոսանքանջատման դեպքում վերելակը քաղաքացուն մոտեցնում է մոտակա հարկ եւ ավտոմատ բացում դռները։ Կուրություն ունեցողների համար առկա են ընթեռնելի տառատեսակներով սեղմակներ։

«Շատ լավ ծրագիր է՝ մեծ ֆինանսների ներդրումով։ Նախկինում մի տարածված խնդիր կար՝ մարդիկ լվանում էին իրենց շքամուտքներն ու կեղտաջուրը լցնում վերելակի հորանը։ Մենք այսօր ունենք նոր տեղադրված վերելակներ, որոնց կոճակներն արդեն հալեցրել են ծխախոտով։ Հորդորում ենք խնամքով օգտագործել գույքը, որ այն երկար կյանք ունենա»,- ասում է Մարտին Ասլանյանը։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի խոսքով՝ փոխարինման ենթակա վերելակներն ընտրվել են՝ ըստ վթարների հաճախականության, մաշվածության եւ հրատապ նորոգման անհրաժեշտության։ Առաջարկը ներկայացրել են վերելակային ծառայության ներկայացուցիչներն ու համատիրությունները։ Բոլորը միանգամից փոխել հնարավոր չէ, ծրագիրը շարունակական է լինելու։ Այսօր Երեւան քաղաքի վերելակ պարունակող բնակֆոնդը խիստ ծանրաբեռնված է։

Վարչության պետն իր նշանակությամբ առանձնացրեց հատկապես 2021 թվականը, երբ 54 վերելակ է փոխարինվել կոնկրետ նպատակով՝ պատերազմում տարբեր վիրավորում ստացած զինծառայողների տեղաշարժն ապահովելու համար։

2023-ին նախատեսվում է փոխարինել աննախադեպ թվով վերելակ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ