Դեկտեմբերի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 378 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ գրանցվել է 53 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 170 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան վարչական շրջաններում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 25 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 44 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Աղետների դիմակայության օր», «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին», «Տարհանում», «Երկրաշարժ․ տարհանում․ տուժածների դուրսբերում եւ առաջին օգնության ցոցաբերում», «Բնակչության պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը գազալցակայաններում», «Օդային տագնապի դեպքում բնակչության տարահանում եւ պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ դասախոսություններ: