Նոյեմբերի 14-20-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 381 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ գրանցվել է 95 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 138 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Նոր նորք, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին երկու ահազանգ է ստացվել: Մեկ դեպքում էլ օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը համալսարանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հուշահամալիրում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը առեւտրի սրահում», «Հրդեհաշիջումը մանկապարտեզի խոհանոցում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի երկրորդ հարկում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում եւ տարհանում», «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի մարումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: