Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 406 կանչի են արձագանքել

Փրկարարները 406 կանչի են արձագանքել

177
Տարածել

Հոկտեմբերի 24-30-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 406 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 63 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 178 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Նորք-Մարաշ վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 13 ահազանգ է ստացվել: 8 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 6 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 8 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ», Հրդեհաշիջումը բուժհաստատություններում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատությունում առաջացած հրդեհի դեպքում», «Հայ­կական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ԱԻՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթունի հետեւանքով հյուրանոցի մասնակի փլուզված շենքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: