Գլխավոր Վերլուծություն Ծնողը պիտի երեխային անվտանգություն եւ օրենքը հարգել սովորեցնի

Ծնողը պիտի երեխային անվտանգություն եւ օրենքը հարգել սովորեցնի

1202
Տարածել

2000 թվականից սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր։ Նախաձեռնողը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպություններն էին։

Մեր երկրի համար, որը միայն Սպիտակի երկրաշարժի ժամանակ 25 հազար զոհ ունեցավ, առաջին օգնության իմացությունը  կենսական անհրաժեշտություն է։ Երկրաշարժից 34 տարի անց բազմաթիվ փոփոխություններ կան, տեղական ու միջազգային կառույցների միջոցներով տասնյակ գրքեր ու ձեռնարկներ են տպագրվել, կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ։ Սակայն որքանո՞վ է տեսական գիտելիքն իրացվում գործնականում, եւ արդյո՞ք բնակչությունը պատրաստ է առօրյայում, աղետի կամ պատերազմի ժամանակ առաջին օգնություն ցուցաբերել։ Սրանք հարցեր են, որոնք միանշանակ պատասխան չունեն։

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Առաջին օգնության» դասախոս, մասնագիտությամբ ֆիզիկոս Արմինե Պողոսյանը վերհիշում է՝ ինչպես էր երկրաշարժից հետո գնացել Գյումրի՝ փլատակներում մնացած իր կուրսընկերոջը փնտրելու։ Առաջին հերթին դժվար է աղետի գոտում ինքդ քեզ կառավարելը, երբ, ասենք, աչքիդ դիմաց փլուզված ծննդատնից կանանց են դուրս բերում։ «Շատերն ուզում էին օգնել, բայց չգիտեին՝ ինչ անել։ Անգամ փրկարարական աշխատանքները համակարգված չէին։ Խորհրդային միության ժամանակ ոչ ոք գաղափար չուներ երկարատեւ ճզմման համախտանիշի մասին․ լինում էր՝ մարդուն անվնաս հանում էին փլատակներից, եւ շատ չանցած՝ նա մահանում էր։ Չկային հեմոդիալիզի սարքեր։ Իսկ այսօր այս թեմային նույնիսկ միջազգային կոնֆերանսներ են նվիրվում»,- նշում է ՃԿՊԱ դասախոսը, որը երկրաշարժից հետո «Սպիտակ» կամավոր ջոկատի անդամ դարձավ եւ հիմնովին փոխեց իր կյանքը։

Վերջին տարիների կարեւորագույն ձեռքբերումներից Արմինե Պողոսյանն առանձնացնում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին օգնության չափորոշիչների փաթեթի մշակումը, որը հաստատել է առողջապահության նախարարությունը։ Գործընթացին ակտիվ մասնակցել են «Առաջին օգնություն» դասավանդող բոլոր կառույցները, այդ թվում՝ ՃԿՊԱ-ն։ Այսօր առաջին օգնություն դասավանդել կարող է յուրաքանչյուրը։ Մասնագետի խոսքով՝ որքան շատ տարածվի գիտելիքը, այնքան կանխարգելումն ու օգնությունը հեշտ կլինեն։ Ամբողջ աշխարհում առաջին օգնություն դասավանդելու համար լիցենզիա չի տրվում, բացառությամբ, օրինակ, եվրոպական ավտոդպրոցների, որոնք վարորդներին պատրաստում են վարորդական վկայականի քննության։ Ծրագրի պարտադիր բաղադրիչ է առաջին օգնության 16-ժամյա դասընթացը։ Հայերս նման փորձ ու մշակույթ չունենք։

Երեք տարի առաջ եւս մեկ առաջընթաց գրանցվեց առաջին հոգեբանական օգնության ոլորտում․ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հրատարակվեցին «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցը, «Առաջին օգնության հիմունքներ» եւ «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկները։

Ընդհանուր առմամբ՝ մեծացել է առաջին օգնության թեմայով վերապատրաստումների, հեռուստահաղորդումների, տպագիր եւ առցանց ձեռնարկների թիվը։ Այդուհանդերձ, Արմինե Պողոսյանի խոսքով, մեծ խնդիր կա հենց դպրոցներում։ Չնայած «Կենսաբանություն» եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների ծրագրերում առաջին օգնության թեմաների առկայությանը, միեւնույն է՝ դպրոցներում չկան վերապատրաստված մասնագետներ։ Դրանք առաջին հերթին կարող են լինել ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք դասերի մի հատվածը կնվիրեն առաջին օգնության գործնական հմտություններին։

Մասնագետը դրական փոփոխություն է նկատում մարդկանց մտածելակերպում։ Եթե տարիներ առաջ, օրինակ, այրվածքի դեպքում ձեթ էին քսում կամ արտածծում օձի թույնը, այսօր նման բան հազվադեպ է պատահում։ Արմինե Պողոսյանը վստահ է՝ առաջին օգնության ոլորտը պետք է գիտական հենք ունենա։ Աշխարհում տարեկան հարյուրավոր գիտափորձեր են կատարվում ու տպագրվում գիտական հոդվածներ, իսկ խոշոր կազմակերպություններից Եվրոպական վերակենդանացման խորհուրդն ու Ամերիկյան սրտի ասոցիացիան 5 տարին մեկ թարմացնում են առաջին օգնության ցուցաբերման չափանիշները։ Հայաստանը, ցավոք, սեփական հետազոտական կառույցը չունի, ուստի տեղայնացնում է միջազգային փորձը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը հավելում է՝ վերջին տարիներին առաջին օգնության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել եւ առաջարկվել «Առողջապահության մասին» օրենքում ներառել։

Դրական տեղաշարժ կա հատկապես գործարար ոլորտում․ գործատուները սկսել են մտահոգվել իրենց ընկերության եւ աշխատակիցների անվտանգության մասին, առաջին օգնության դասընթացներ են պատվիրում։ Ոմանց համար նույնիսկ ռազմավարական պլան է դարձել երեք տարին մեկ վերապատրաստել աշխատողներին։ Հիմնականում դասընթացների պարտադիր մաս են կազմում առաջին օգնության պայուսակները, որոնց պարունակությունը պարբերաբար թարմացվում է։

Ինչ վերաբերում է դպրոցներին ու նախադպրոցական հաստատություններին, Արա Բարսեղյանը նկատում է՝ երեխաները չափազանց հետաքրքրությամբ ու արագ են ընկալում իրենց մատուցվող ցանկացած նորություն։ Կարեւորն այդ ամենը լինի գործնական ու ինտերակտիվ։ Տարիների հետ մանկավարժների պատասխանատվության զգացումը նույնպես բարձրացել է․ նրանք հասկանում են, որ աղետի դեպքում երեխաների անվտանգությունն առաջին հերթին իրենց ձեռքում է։

«Հնարավոր չէ միանշանակ գնահատել, թե առաջին օգնության ինչպիսի պատրաստվածության մակարդակ է մեր երկրում։ Դպրոցներ կան, որոնք նվազագույն միջոցներով առավելագույնն են անում։ Այստեղ խնդիրը կարեւորելու հարցն է, եւ ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Ծնողը պիտի երեխային անվտանգություն եւ օրենքը հարգել սովորեցնի, նրա հետագա վարքագիծն ընտանիքում է ձեւավորվում։ Ոչինչ չի կարող փոխվել, եթե երեխան ընտանիքում մեկ բան է սովորում, դպրոցում՝ այլ»,- ամփոփում է Արա Բարսեղյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ