Գլխավոր Միջոցառումներ Փրկարար լինելն առաքելություն է. ԱԻ նախարար

Փրկարար լինելն առաքելություն է. ԱԻ նախարար

1786
Տարածել

Սեպտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կայացավ տոնական շքերթ՝ նվիրված ԱԻ աշխատակցի օրվան: Ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, այլ բարձրաստիճան  պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ ոլորտի բոլոր աշխատողներին ու փրկարար ծառայողներին իրենց կատարած կարեւորագույն աշխատանքի համար եւ հավելեց, որ պետությունը հետեւողականորեն պետք է զարգացնի բոլոր պետական կառույցները, կատարի համապատասխան փոփոփություններ՝ ըստ միջազգային ստանդարտների: Արդյունքում՝ պետության համար առանցքային գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատակիցները կօգտվեն երաշխավորված սոցիալական ապահովության համակարգից, կստանան բարձր աշխատավարձ՝ ելնելով իրենց պրոֆեսիոնալ մակարդակից: Թեեւ 2018 թվականից փրկարար ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են, բայց, վարչապետի խոսքով, դա շոշափելի փոփոխություն համարել չի կարելի: Հստակ քայլեր են տարվելու, որպեսզի փրկարար ծառայողն իրեն ավելի գնահատված զգա:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ փրկարարների քրտնաջան աշխատանքի, շատ հաճախ՝ նաեւ անձնական կյանքը վտանգելու շնորհիվ է այսօր պահպանվում մեր հասարակության խաղաղ կենսագործունեությունը: Սպիտակի երկրաշարժից հետո ԱԻՆ-ը դարձել է մեր երկրում անվտանգ միջավայր ստեղծող առաջատար կառույցը:

Նախարար Արմեն Փամբուխչյանը հպարտությամբ շեշտեց, որ տարիների ընթացքում նախարարությունը, հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, կայացել է եւ արժանացել հասարակության վստահությանը: Փրկարարը պատրաստ է սիրով արձագանքել մանր կենցաղային կանչից մինչեւ լրջագույն արտակարգ իրավիճակի, քանի որ մարդու կյանքը նրա համար գերագույն արժեք է:

Այդ ամենը հնարավոր չէր լինի առանց տեխնիկական համալրման եւ նորարարությունների կիրառման: Վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ԱԻ նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 1,2 միլիարդ դրամ, որը կուղղվի նոր տեխնիկայի ձեռբերմանը եւ շենքային պայմանների բարելավմանը:

«Փրկարար լինելն առաքելություն է: Մեկ անգամ չէ, որ փրկարարներն իրենց առողջության գնով կյանքեր են փրկում: Երկրորդ տարին է՝ Սեւանա լճի մեր սպասարկման տարածքում ջրահեղձվածներ չեն եղել, փրկվել է 100-ից ավելի մարդ: Վերջերս «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք կարող ենք պատշաճ արձագանքել նախադեպը չունեցող աղետի»,- ամփոփեց նախարարը:

Ելույթներից հետո ԱԻ տարբեր ստորաբաժանումներն անցան քայլերթով, առանձին ներկայացվեցին վերջին տարիներին նրանց ունեցած ձեռքբերումները:

Տոնական միջոցառման ավարտին սահմանվեց երկու համաշխարհային ռեկորդ: Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, եռամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային հնգակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը կատարեց նախորդ ռեկորդներին բարդությամբ գերազանցող վարժություն. 170 կգ ծանրաձողն ուսին՝ նա կքանստած քայլեց մեկ մետր, ապա հետքայլ կատարելով ելման դիրք՝ արդեն կանգնած դիրքից կատարեց 10 կքանիստ:

Երկրորդ ռեկորդի հեղինակը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցն էր: Նա ճկույթ մատով 10 մետր տեղաշարժեց 4 մեքենա՝ ընդհանուր 68 տոննա կշռով եւ գերազանցեց իր նախորդ ռեկորդը:

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տաղավարներում ծանոթանալու տարատեսակ գույք-սարքավորումների, ինչպես նաեւ ՃԿՊԱ-ի հեղինակած մասնագիտական գրականությանը, որն անձամբ ներկայացրին 12 ուսանող:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ