Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մայրաքաղաքի եւ մարզերի փրկարարների 2022 թվականի ծրագրերը

Մայրաքաղաքի եւ մարզերի փրկարարների 2022 թվականի ծրագրերը

1571
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հրամանով հաստատված փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, փրկարարները կաշխատեն մի շարք ուղղություններով՝ հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային վարժանքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելում եւ հետեւանքների վերացում, քաղաքացիական պաշտպանության, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման միջոցառումներ, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգերի եւ համակարգչային ծրագրերի ներդրում եւ կատարելագործում, Փրկարարական ուժերի պատրաստության բարձրացում եւ այլն:
Երեւանում եւ բոլոր մարզերում կանցկացվի «Կարճ հաղորդագրություններով պաշտոնատար անձանց իրազեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Նպատակը՝ մարզի ղեկավարության եւ գործող պետական կառույցների պատասխանատուների (մարզպետ, մարզպետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, բուժհաստատությունների ղեկավարներ եւ այլն) հետ անխափան եւ արագ կապի ապահովումն է, որ հնարավոր աղետի դեպքում վերջիններս զգոն լինեն: Նման վարժանքներ անցկացվում են 2016 թվականից՝ տարեկան մեկ անգամ: 2020 թվականից անցկացվում է տարեկան երկու նման ուսումնավարժություն:

Մարտին Երեւանում եւ բոլոր մարզերում կանցկացվեն պատանի հրշեջ-փրկարարական թիմերի առաջնություններ, ապրիլին կանցկացվի հանրապետական փուլը: Եռամսյակը մեկ հանրապետության կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում կանցկացվեն հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ տարբեր թեմաներով. «Կապի համակարգի վթարի դեպքում վթարավերականգնողական խմբերի գործողությունները», «Բազմաբնակարան շենքերում էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում վթարային բրիգադի գործողությունները», «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում», «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում անձնակազմի եւ հարակից բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում», «Բնակչության ազդարարում եւ պատսպարում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը», «Առատ ձյան եւ մերկասառույցի հետեւանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Մանկապարտեզի աշխատակիցների եւ սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում», «Քարաթափման հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում», «Մինչ սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի վերականգնումը՝ այլընտրանքային ճանապարհով կապի ապահովումը», «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացում Սեւանա լճում», «Հետախուզական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Վայք քաղաքի հոսանքազրկման դեպքում» եւ այլն:

Երեւանում կանցկացվի 148 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, Գեղարքունիքում՝ 40, Կոտայքում եւ Տավուշում՝ 30-ական եւ այլն:

Երեւանում եւ մարզերում կանցկացվեն նաեւ շտաբային եւ օբյեկտային վարժանքներ. «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը», «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում», «Առաջին օգնության կազմակերպումը արտակարգ իրավիճակների ժամանակ», «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում», «Գազի պայթյունի հետեւանքով տուժածների դուրս բերումը շենքից», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում», «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավի դեպքում», «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած խոշոր հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը», «Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը» եւ այլն:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը՝ մարտի մեկին, ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Երեւանի եւ այլ համայնքների բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն ոչ միայն հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, այլ նաեւ դասախոսություններ ու քննարկումներ:

Երեւանի եւ մարզային բոլոր փրկարարական վարչությունների բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներում կանցկացվեն փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական, հրամանատարական, ինքնուրույն պատրաստության պարապմունքներ: Կշարունակվի փրկարարների եւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների ակտիվ շփումը:
Երեւանում, Արմավիրում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում կշարունակվեն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի «Կենսաբանական վտանգների նվազեցում» ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագիրը՝ 2020-2024 հատվածի համար է:

Շիրակի մարզում կանցկացվի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) ներքին՝ ազգային որակավորում անցած Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերի 32-ժամյա դաշտային վարժանք:

Փրկարարները մեթոդական օգնություն ցույց կտան եւ կմասնակցեն համայնքապետարանների կազմակերպած շտաբային վարժանքներին: Դրանց թեմաներն էլ բազմազան են՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում», «Բնակչության տարհանման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը սողանքի ակտիվացման դեպքում», «Բնակավայրերը սնուցող ջրաղբյուրներում վտանգավոր վարակի բռնկման դեպքում հակահամաճարակային եւ սանիտարահիգենիկ միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ