Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ձմռան վտանգներ․ ցրտահարություն

Ձմռան վտանգներ․ ցրտահարություն

2467
Տարածել

Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ, որոնք առաջանում են սառը իրերի ու գազերի հետ փափուկ հյուսվածքների հպումից, օրինակ, վերջույթի վրա հեղուկ ազոտի թափվելը, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը եւ այլն:

Ցրտահարությունը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի ու ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից։ Պատճառն այն է, որ դադարում է բավարար քանակությամբ արյան մատակարարումը մարմնի այն հատվածներ, որոնք ապահովում են կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:

Ցրտահարության ռիսկը մեծանում է, երբ օդի ջերմաստիճանն իջնում է մինչեւ -5°C-ի: Իրավիճակն ավելի կարող են սրել ուժեղ քամին, չոր կամ խոնավ օդը, բարձրլեռնային պայմանները:

Ցրտահարությունն ունի բարդության չորս աստիճան․

1. Առաջին՝ ձեռքերի ափերն ու ոտնաթաթերը սառն են, սպիտակած, իսկ տաքացնելուց հետո կարմրում են: Հնարավոր է թեթեւակի ցավ եւ ծակծկոց, մաշկի վրա քերվածք։ Լուրջ հետեւանքներ չի ունենում եւ անցնում է առավելագույնը մեկ շաբաթում:

2. Երկրորդ՝ մաշկի վնասված հատվածների վրա առաջանում են բշտիկներ։ Մաշկը գունատվում է, կորում է զգայունությունն արտաքին ազդակների նկատմամբ: Ցավն ուժեղանում է, սկսվում է քոր եւ այրման զգացողություն։

3. Երրորդ՝ վնասված հյուսվածքները մեռուկանում են (նեկրոզ), դրանց տեղում առաջանում են արյունով լցված բշտիկներ՝ վառ կարմիր եւ կապույտ հիմքով: Վերքերի սպիացումը կարող է տեւել մինչեւ մեկ ամիս:

4. Չորրորդ՝ մեռուկացումը հասնում է հյուսվածքների ներքին շերտերին, առանձնակի ծանր դեպքերում՝ ընդհուպ մինչեւ մկաններ եւ ոսկորներ: Մաշկը կապտում է, այնուհետև սեւանում, տաքացնելուց հետո առաջանում են խոշոր այտուցներ: Այս իրավիճակի երկարատեւ շարունակությունը հանգեցնում է փտախտի, ինչի արդյունքում վնասված հատվածները հաճախ ենթարկվում են ամպուտացիայի:

Ցրտահարությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոն՝ տանից դուրս գալուց առաջ պարտադիր ստուգել եղանակը, հագնվել շերտերով, սակայն այնպես, որ հագուստը չսեղմի, կոշիկի կապիչները շատ չձգել, որպեսզի ոտնաթաթերում արյան շրջանառություն կատարվի, հնարավորության դեպքում հագնելուց առաջ տաքացնել ձեռնոցները, կոշիկները եւ մնացած հագուստը, ձեռնոցների ու կոշիկների վրայից թափ տալ ձյունը, եղյամը, ջրի կաթիլները, շատ հեղուկ խմել՝ ջրազրկման վտանգից խուսափելու համար։

Եթե հայտնվել եք ցրտահարված տուժածի կողքին, առաջին հերթին պետք է նրան հասցնել տաք շինություն կամ վրան: Եթե դա հնարավոր չէ՝ տեղում նախաձեռնել կանխարգելիչ միջոցառումներ։

Թեթեւ ցրտահարության դեպքում, երբ հյուսվածքներում նկատվում է արյան շրջանառություն եւ չկա մեռուկացում, վերջույթները կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով։ Ցրտահարվածության աստիճանը հասկանալու համար շոշափե՛ք ցրտահարվածի մատները․ եթե դրանք դեռ փափուկ են, եւ հնարավոր է ձեռքի բութն ու ճկույթը միացնել իրար, ապա դեպքը թեթեւ է:

Այս դեպքում անհրաժեշտ է՝

· Ազատվել թրջված ձեռնոցներից, գուլպաներից եւ հագնել չորը: Եթե կոշիկները լրիվ թրջված են, փաթաթե՛ք ոտնաթաթերը պոլիէթիլենային տոպրակներով եւ այդպես հագե՛ք դրանք:

· Վերջույթներում արյան շրջանառությունը վերականգնելու համար պարզում եք ձեռքերը վերեւ և արագ շարժումներով թափահարում դրանք՝ մեխանիկորեն մղելով արյունը դեպի վերջույթներ:

· Տուծածին խմեցրե՛ք տաք, քաղցր հեղուկներ։

· Ձեռքերը թաքցրե՛ք թեւատակերում։ Դրանք մարմնի առավել տաք հատվածներն են:

Ծանր դեպքերում, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքներում, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան եւ բժշկական օգնություն ցուցաբերել: Հիշե՛ք՝

· Չի կարելի կտրուկ տաքացնել վնասված հատվածը։

· Վնասված հատվածը պետք է մեկուսացնել բինտի մի քանի շերտանոց վիրակապով, փափուկ տաք շարֆով:

· Կարեւոր է, որ վնասված հատվածը լինի ջերմամեկուսացված, բայց վիրակապը չսեղմի, որպեսզի արյան շրջանառությունը չխանգարվի:

· Անհրաժեշտ է անշարժացնել վնասված հատվածը։

· Շտապ կապվել արագ արձագանքման մարմինների հետ։

Ցրտահարության ժամանակ խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․

· Խմել կոֆեին եւ ալկոհոլ պարունակող ցանկացած բան,

· Տրորել վնասված հատվածը ձյունով, կոպիտ կտորով, որը մեծացնում է վնասվածք ստանալու եւ վարակի առաջացման հավանականությունը։

· Ծանր դեպքերում արտաքին ինտենսիվ ջերմության աղբյուր կիրառել՝ տաք վաննա, ջեռակ, կրակի կամ ջեռուցիչի մոտ ձեռքերը պահել

· Վերքերը տրորել յուղով, սպիրտով կամ ցանկացած այլ բանով: Առհասարակ պետք է զերծ մնալ ժողովրդական բժշության մեթոդներից։

· Չի կարելի ծակել բշտիկները։

Տնային պայմաններում ինքնուրույն հնարավոր է բուժել միայն առաջին կարգի ցրտահարությունը: Մնացած դեպքում՝ գործը վստահեք պրոֆեսիոնալներին։