Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ցածր ջերմաստիճան, մարմնի ընդհանուր սառեցում՝ հիպոթերմիա

Ցածր ջերմաստիճան, մարմնի ընդհանուր սառեցում՝ հիպոթերմիա

3110
Տարածել

Մարմնի ընդհանուր սառեցումը՝ հիպոթերմիան, զրոյից ցածր ջերմաստիճանի երկարատեւ ազդեցության հետեւանք է, երբ մարդու մարմնի ջերմակարգավորման համակարգերն ու մեխանիզմները չեն կարողանում ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճան, եւ մարմինը սկսում է սառել։ Ի տարբերություն ցրտահարության՝ հիպոթերմիան կյանքին սպառնացող իրական վտանգ է։

Մարմնի ընդհանուր սառեցում կարող է լինել սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառն օդում մնալու պատճառով։

Ցածր ջերմաստիճանը բերում է մարդու արյունատար անոթների նեղացման, եւ տաք արյունը մղվում է դեպի կենսական կարեւոր օրգաններ։ Քրտնարտադրությունը նվազում է, եւ ի վերջո՝ դադարում, ի հայտ է գալիս դող (ջերմություն արտադրելու նպատակով): Մարմինն անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա դանդաղեցնել ջերմության կորուստը, մեծացնել ջերմության արտադրությունը եւ կենսական կարեւոր օրգանների համար նորմալ ջերմաստիճան ապահովել, սակայն ցրտի երկարատեւ ազդեցությունը շարքից հանում է ջերմակարգավորման համակարգերը։ Մարմնի ջերմաստիճանն իջնում է մինչեւ 35 օ C եւ ցածր, անոթազարկը դառնում է դանդաղ, թույլ եւ անկանոն, դժվար շոշափելի։ Մարմնի ընդհանուր սառեցման հետեւանքով տուժածը նմանվում է դիակի, իսկ եթե օգնությունը ուշանա՝ նա կմահանա։

Հիպոթերմիայի նշաններն են՝ սկզբում դող, հետո՝ դողի բացակայություն, սառը, գունատ եւ չոր մաշկ, մարմնի 35 օ C-ից ցածր ջերմաստիճան, վերջույթների փայտացում, դժվարացած քայլվածք, քնկոտություն, անտարբերությւոն, սառած հայացք, դանդաղ, անկանոն ու թույլ անոթազարկ, դանդաղ եւ մակերեսային շնչառություն, կողմնորոշման խանգարում, գիտակցության խանգարումներ։

Առաջին օգնությունը

Տուժածին տեղափոխե՛ք տաք տարածք՝ բացառելով տուժածի շարժումները, աստիճանաբար տաքացրե՛ք տուժածին, փոխե՛ք թաց-խոնավ հագուստը եւ առանց շփելու՝ չորացրե՛ք մարմինը։ Եթե տուժածը դրսում է, եւ թաց հագուստը փոխելու հնարավորություն չկա, նրան ծածկե՛ք թաց հագուստի վրայից, նաեւ՝ գլուխը։ Տուժածին տաք, քաղցր հեղուկներ տվե՛ք։ Գործվածքով փաթաթված ջերմակներ (տաք ջրով լցված շիշ եւ այլն) դրե՛ք տուժածի խոշոր արյունատար անոթների վրա (անութափոսեր, աճուկային հատված)։

Չի կարելի թույլ տալ, որ տուժածը շարժվի կամ ալկոհոլային խմիչքներ օգտագործի։ Արգելվում է տաքացնել վերջույթները, այդ դեպքում արյան տաք հոսքը դեպի վերջույթներ կուժեղանա։ Տուժածին մի՛ սուզեք տաք ջրի մեջ։ Մարմնի արագ տաքացումը կարող է խաթարել սրտի աշխատանքը։ Առանց հապաղելու զանգե՛ք արագ արձագանքման ուժերին եւ գրանցե՛ք տուժածի վիճակի փոփոխությունները մինչեւ նրանց ժամանելը։