Գլխավոր Վերլուծություն Առաջին օգնության փրկարարական հենակետերն ամփոփում են տարին

Առաջին օգնության փրկարարական հենակետերն ամփոփում են տարին

2974
Տարածել

Ձմեռային եղանակն ամեն տարի անակնկալ է մատուցում վարորդներին՝ դժվարանցանելի դարձնելով ճանապարհներն ու հանգեցնելով շղթայական արգելափակման, վթարների։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մի շարք մարզերում ծավալվել են առաջին օգնության ժամանակավոր հենակետեր, որոնք ապահովում են քաղաքացիների անվտանգ երթեւեկությունը։

Դեկտեմբերի 20-ից Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում գործում է փրկարարական հենակետ, որտեղ շուրջօրյա հերթապահում են Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի երեք ծառայող։ Հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանի խոսքով՝ մինչ օրս սպասարկել են երեք կանչ ու ճանապարհից դուրս եկած մեքենաները քարշակելով վերադարձրել երթեւեկելի գոտի։ Հենակետը ջեռուցվում է, անհրաժեշտության դեպքում հնարավոր է ապաստանել դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Փրկարարները սպասարկելու են նաեւ Վարդենյաց լեռնանցքը, որն այս պահին անցանելի է, տեղ-տեղ կա մերկասառույց։

Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի սկզբնամասում հենակետ ծավալվել է դեկտեմբերի 20-ից։ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատն արդեն արձագանքել է 13 կանչի։ «Նախորդ տարիներին հենակետը դրվում էր Ծիլքար կամ Գեղարոտ համայնքներում, սակայն ամենաշատ դեպքերը գրանցվում էին հենց Քուչակի տարածքում։ Այս տարի ընտրել ենք ամենաօպտիմալ տեղանքը, վրանը հավաքել ենք, կահավորել վագոն-տնակը՝ ծառայությունը դարձնելով ավելի հարմարավետ»,- մանրամասնեց ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ Արշակյանը։

Վերջին երկու տարին Ապարանի տարածաշրջանում ձնառատ չէ, թեպետ սառնամանիքն իրեն զգացնել է տալիս։ Փոխգնդապետի խոսքով՝ ճանապարհաշինական ընկերությունն աշխատում է օպերատիվ, եւ բարձրադիր գյուղական համայնքներն այլեւս քաղաքից չեն կտրվում․ փրկարարներն ու շտապօգնության բրիգադը հասնում են ժամանակին։ Ջոկատն ունի նաեւ ձնագնաց եւ 5 լրակազմ դահուկ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել։

Դեկտեմբերի 1-ից Շիրակի մարզի Վարդաղբյուր համայնքում տեղադրված հենակետը սպասարկել է 9 կանչ։ Արգելափակումից դուրս են բերվել 11 մեքենա, որոնցից մեկը՝ բեռնատար։ Հերթապահությունն իրականացվում է «Ուրալ» մակնիշի կունգ մեքենայով, որում քաղաքացիները կարող են պատսպարվել ցրտից։

Շիրակի մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը նշեց՝ ամենադժվարանցանելի հատվածը հենց «Ղոչի աղբյուրի» ոլորաններն են, որտեղ միշտ ձնաբուք է լինում եւ առաջացնում խցանումներ։ Հենակետում հերթապահում է Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը, անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են տեղափոխվել նաեւ ջոկատ։

Դեկտեմբերի 20-ից Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում տեղադրվել է հենակետ, որը սպասարկում է Վայքի ՀՋՓ-ն։ Մինչ օրս գրանցվել է արգելափակման երեք դեպք։ Վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ

Հարություն Մարգարյանի փոխանցամբ՝ Սարավան-Զանգեր ճանապարհահատվածին գրեթե միշտ ձնաբուք է ու մերկասառույց, եւ արգելափակված բեռնատարերը մեծ խնդիրներ են ստեղծում։

Սյունիքի մարզում տեղադրվել է երեք հենակետ․ նոյեմբերի 12-ից՝ Աղվանիում, նոյեմբերի 22-ից՝ Վերին Խոտանանում, դեկտեմբերի 26-ից՝ Գորիսի տարածաշրջանի Տաթեւ գյուղի խաչմերուկում։ Հենակետերում հերթապահում են համապատասխանաբար Կապանի, Քաջարանի ու Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատները։ Արդեն իսկ գրանցվել է արգելափակված մեքենաների դուրսբերման 20-ից ավելի դեպք։

«Վերին Խոտանանի եկեղեցու հարակից ոլորանները միշտ ծանրաբեռնված են բեռնատար մեքենաներով, որոնք փակում են ճանապարհը։ Ակտիվ աշխատում ենք ճանշինի հետ։ Տաթեւում քամի է, ձնաբուք, տեղաշարժվելը՝ դժվար»,- ասաց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ռոմա Սահակյանը։

Հենակետերը կգործեն անժամկետ՝ ըստ անհրաժեշտության։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ